
Վարչախումբը գործի է դրել պաշտոնական և ոչ պաշտոնական ուժային համակարգերը, մինչդեռ «Նոր Հայաստան» ճակատը վճռական է

Վարչախումբը գործի է դրել իր ամբողջ կարողությունը՝ պաշտոնական և ոչ պաշտոնական ուժային համակարգերը:
Մի դեպքում նա ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և մյուս պետական մարմիններն ու ինստիտուտներն է օգտագործում ժողովրդին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու միջոցով հանուն իր ազատության և արժանապատվության պայքարից հեռու պահելու համար, իսկ մյուս կողմից՝ այդ նպատակով դիմում է ուժային բաղադրիչ ունեցող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քրեական տարրերի աջակցությանը:
Ասվածի վկայություններ են Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով երաշխավորված՝ կյանքի, առողջության և քաղաքական ու քաղաքացիական իրավունքների զանգվածային ոտնահարումը ոստիկանության և այլ պետական մարմինների կողմից, ինչպես նաև «Երկրապահ կամավորականների միության» ներկայացուցիչների սադրիչ հարձակումը Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակից Յուրա Աթոյանի վրա և նրանց հետագա հայտարարությունները, թե Յուրա Աթոյանին հաշվեհարդար է սպասվում:
Զարմանալի չէ, որ սահմանադրական կարգի հիմքերը տապալելու միջոցով ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության վերածված վարչախումբը ոստիկանության և մյուս պետական մարմինների ապօրինի գործողությունները փորձում է հիմնավորել ձևական և, հաճախ՝ անհեթեթ պատճառաբանություններով: Մասնավորապես, նշվում է, որ «վրանները կարող են վնասել» մշակույթի հուշարձան համարվող Օպերային թատրոնի պատերը, երթի երթուղին փոխելը ներկայացվում է որպես պետական մասշտաբի ծանր հանցագործություն, իսկ միջազգային իրավունքով և Սահմանանդրությամբ անմիջական ժողովրդաիշխանության ձև համարվող քաղաքացիական անհնազանդության կոչերն ու գործողությունները՝ համարյա դավաճանություն:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարում է, որ վճռական է խաղաղ դիմադրության մեթոդներով ժողովրդի կամքի պարտադրման միջոցով մեր երկրում սահմանադրական կարգի հաստատման իր ծրագրին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ