Ավանի 01/07 ընտրատեղամասում ակտիվ քվեարկություն է ընթանում. տեղ-տեղ կուտակումներ կան

Ավանի 01/07 ընտրատեղամասում հանրաքվեի մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Էդմոն Պետրոսյանը: Նա մեզ ներկայացրեց պաշտոնական տվյալները: Ըստ նրա, ժամը 11.00-ի դրությամբ ընտրատեղամասում քվեարկության է մասնակցել 160 մարդ, իսկ այս պահի դրությամբ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, շուրջ 300 մարդ: Էդմոն Պետրոսյանի փոխանցմամբ, ընտրատեղամասում գրանցված է 1971 ընտրող և վեց հավելյալ ընտրող, որոնց գրանցումը մարզերում է և պաշտոնապես դիմել են այս տեղամասում քվեարկելու համար:

Հանձնաժողովի քարտուղարի փոխանցմամբ, հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ ԲՀԿ-ից, «Ժառանգություն»-ից, ՕԵԿ-իբ և ՀԱԿ-ից: «Ժառանգության» ներկայացուցիչ Անի Կաղինյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այս պահի դրությամբ ընթանում է առանց ընտրախախտումների քվեարկություն, մասնակցությունը բավականին ակտիվ է: Ավանի 01/07 ընտրատեղամասում կային կուտակումներ, որոնք հանձնաժողովի անդամները փորձեցին վերացնել:

 

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության անդամ Արփինե Բաբախանյանը ևս մեզ հետ զրույցում խոսեց միայն կուտակումների մասին: Ըստ նրա, պատահել է, երբ սրահում եղել է 24 ընտրող միանգամից: Սակայն, նրա խոսքով, գուցե դա պայմանավորված է սրահի մեծությամբ և այն փաստով որ հանձնաժողովի անդամներն այն վիզուալ կերպով բաժանել են երկու մասի և ընտրական հատված չեն թույլատրում սահմանված քանակից ավել ընտրող:

Տեսանյութեր

Լրահոս