Հովիկ Աբրահամյան. «Հորդորել ենք բոլոր մեր թիմակիցներին լինել անաչառ, որ որևէ մեկին չլսեն ու արջի ծառայություն չմատուցեն»

Քիչ առաջ թիվ 10/08 ընտրատեղամաս այցելեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով բավականին բարձր տրամադրություն ուներ։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք կազմակերպչական աշխատանքներն են կատարել, իսկ հանրաքվեն պետք է կատարվի ժողովրդի միջոցով։ «Քվեարկեցի հանուն մեր կայուն ապագայի և զարգացման, համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար։ Ամեն ինչ արել ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ և հորդորել ենք բոլոր մեր թիմակիցներին լինել անաչառ, որ որևէ մեկին չլսեն ու արջի ծառայություն չմատուցեն։ Դա մեզ համար շատ կարևոր է և մեր ժողովուրդը թող որոշի այո-ն կամ ոչ-ը։

Ժամը 11-ի դրությամբ որևէ լուրջ խախտման մասին ահազանգ չեմ ստացել։ Ես հույս ունեմ, որ մեր թիմակիցները և հանձնաժողովը ամեն ինչ կանեն, որ որևէ խախտում չարձանագրվի։ Նրանց կոչ եմ անում որևէ սադրանքի չգնալ և ապահովել թափանցիկ ընտրություններ»։

Հարցին՝ Սերժ Սարգսյանը խոսեց նախագահի 3 թեկնածուների մասին՝ Դուք այդ թեկնածուների թվո՞ ւմ եք, նա պատասխանեց, թե հարցը պետք է ուղղել Ս. Սարգսյանին: «Մենք բոլոր հարցերը կքննարկենք 2017 թվականին»։

Խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ Հ. Աբրահամյանն ասաց, որ համագործակցելու են բոլորի հետ. «Մեր խնդիրն է ուղղակի ստեղծել հարթակ և քննարկել մեր երկրի ապագան, մեր երկրի ապագայի, տնտեսության զարգացումը։ Լարվածության աճ, չեմ կարծում, որ լինի»։

Հարցին էլ, թե պատրա՞ստ եք վարչապետի պաշտոնից հրաժարվել, եթե սահմանադրությունն անցնի, նա պատասխանեց. «Այսօր ես եմ վարչապետ և ապագայում էլ կլինեմ»:

Տեսանյութեր

Լրահոս