Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած դատապարտյալը տարբեր անձանցից հափշտակել է քրեական գործերով որպես կաշառք տրված առանձնապես խոշոր չափերով գումարներ

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովիկ Բաբայանը, տարբեր պաշտոնատար անձանց անունից հանդես գալու և իրավաբանի մասնագիտական հմտություններն օգտագործելով, նախնական համաձայնության է եկել Գարիկ Ալեքսանյանի հետ՝ ծանոթների շրջանում իրեն որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացնելու և այդ հանգամանքը շահարկելով՝ քրեական գործերով տարբեր անձանց օգտին գործողություններ կատարելու պատրվակով, խարդախությամբ գումարներ հափշտակելու շուրջ:

2015թ. հունվարին Հ. Բաբայանը Գ. Ալեքսանյանի միջոցով ծանոթացել է փաստաբան Եղիկ Եփրեմյանի հետ և ներկայացել է որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ապա անձամբ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել վերջինիս հետ: Փաստաբանը համոզվել է, որ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից ընդունված անձնավորություն է ու ցանկացած հարցով կարող է ակնկալել նրա աջակցությունը, այդ թվում՝ քրեական գործերի ընթացքին միջամտելու և իրեն ցանկալի լուծում տալու հարցում:

Նշված ժամանակահատվածում Եղիկ Եփրեմյանի ծանոթ Թաժդին Ավդալյանի վերաբերյալ քննվել է քրեական գործ, որի մասին տեղեկանալով` Ե. Եփրեմյանը Թ. Ավդալյանին հայտնել է, որ ինքը մտերիմ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» հետ:

Թ. Ավդալյանը փաստաբանին տեղեկացրել է, որ պատրաստակամ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» կաշառք տալ, որպեսզի նա իր վերաբերյալ քննվող քրեական գործի ընթացքը լուծի հօգուտ իրեն:

Նյութական շահ ստանալու ակնկալիքով, 2015թ. հունվարին Ե. Եփրեմյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած Հ. Բաբայանին խնդրել է միջամտել Թ. Ավդալյանի վերաբերյալ քննվող քրեական գործի քննությանը և գործի ընթացքը լուծել հօգուտ վերջինիս: Առաջարկի մասին լսելով՝ Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունել են Ե. Եփրեմյանի առաջարկը: Վերջինս ստանձնել է կաշառք տվող Թ. Ավդալյանի և կաշառքը ստացող «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» միջև կապող օղակի դերը և յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելու ընթացքում նպաստել է կաշառքի առարկայի չափի՝ 5 հազ. ԱՄՆ դոլար գումարի շուրջ համաձայնության գալուն:

Այնուհետև Թ. Ավդալյանի հետ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, փաստաբանը 5 հազ. ԱՄՆ դոլար կաշառքի գումարը «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» փոխանցելու համար տվել է Գ. Ալեքսանյանին: Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը նշված գումարը խաբեությամբ հափշտակել են:

Դրանից հետո, 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանն ինչպես Գ. Ալեքսանյանի միջոցով, այնպես էլ անձամբ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած դատապարտյալին խնդրել է ներազդել մեկ այլ գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի վրա` հայտնելով, որ քրեական գործի ելքով շահագրգռված անձը պատրաստակամ է դրա դիմաց 10 հազ. ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ:

Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունելով Ե. Եփրեմյանի առաջարկը և չարաշահելով վերջինիս վստահությունը, իբր, «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից խնդիրը լուծելու համար, Գ. Ալեքսանյանի միջոցով 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանից խաբեությամբ ստացել են փաստաբանի միջնորդությամբ որպես կաշառք տրված առանձնապես խոշոր չափերով` 4 մլն. 760 հազ. ՀՀ դրամ գումարը և կրկին խարդախությամբ հափշտակել են այն:

Բացի այդ, 2015թ. հունվարին Հ. Բաբայանը, Գ. Ալեքսանյանի միջոցով ծանոթանալով նրա մտերիմ Աղավնի Մ.-ի հետ, նրան կրկին ներկայացել է որպես «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»: Ապա տեղեկանալով Երևանի քաղաքապետարանից հողատարածք ձեռք բերելու՝ Աղավնի Մ.-ի մտադրության մասին, հեռախոսային խոսակցությունների միջոցով, մտերմություն է հաստատել նրա հետ: Իբրև հողատարածքի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը վարորդի միջոցով Երևանի քաղաքապետարան ուղարկելու և օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն անձամբ կատարելու պատրաստակամության մասին հայտնելու արդյունքում Հ. Բաբայանին հաջողվել է Աղավնի Մ.-ին հավաստիացնել, որ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերում է անշահախնդիր՝ որպես իր մտերիմ Գ. Ալեքսանյանի հարազատի: Սակայն հողատարածքի հատկացման համար անհրաժեշտ պետական մուծումները կատարելու պատրվակով, Հ. Բաբայանը 2015թ. փետրվար-մարտ ամիսներին Աղավնի Մ.-ից խաբեությամբ ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ 1մլն. 912 հազ. ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Հովիկ Բաբայանը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում, խցակից Վարդգես Շ.-ին խաբեությամբ հայտնել է նրա պատժաչափը կրճատելու հնարավորության մասին: Ցանկանալով օգտվել ընձեռնված հնարավորությունից՝ Վարդգես Շ.-ն դիմել է հարազատներին և խնդրել գումարով օգնել: Արդյունքում` Հ. Բաբայանը, չարաշահելով Վարդգես Շ.-ի վստահությունը, վերջինիս հարազատներից ստացել և խարդախությամբ հափշտակել է 394 հազ. ՀՀ դրամ գումար:

Գարիկ Ալեքսանյանն, իր հերթին, 2014թ. նոյեմբերին, խարդախությամբ ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, Լոռու մարզի բնակիչ Կ. Զ.-ի որդու ժամկետային զինվորական ծառայությունը Երևանի զորամասերից մեկում կազմակերպելու պատրվակով, նույն ամսվա ընթացքում Կ. Զ.-ից խաբեությամբ ստացած խոշոր չափերով՝ 1 մլն. 644 հազ. ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:

Դրանից բացի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դեռևս 2014թ. ապրիլի 1-ին Թաժդին Ավդալյանը Գրետա Գ.-ի հետ կազմած հանձնման-ընդունման ակտով օժտվել է իրեն ի պահ հանձնված թվով 174 գլուխ խոշոր եղջերավոր անասունները անասնագոմում ժամանակավորապես պահելու լիազորությամբ: 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թ. Ավդալյանը հիշյալ թվով անասունները վաճառել է քննությամբ չպարզված տարբեր անձանց` այդ կերպ Գրետա Գ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 50 մլն. 87 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:

Հովիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գարիկ Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Եղիկ Եփրեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և Թաժդին Ավդալյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս