Վրաստանն առաջարկել է Ռուսաստանին, Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային ստեղծել միասնական էներգետիկ ցանց
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում անցկացվող Էներգետիկ խարտիայի ֆորումի ժամանակ հանդես է եկել միասնական տարածաշրջանային էներգետիկ ցանցի ստեղծման օգտին, որտեղ պետք է ներառվեն Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը: Այս մասին Թբիլիսիից հայտնում է «Վզգլյադի» թղթակիցը:
«Վրաստանը հանդես է գալիս որպես տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ֆլագման: Մեր գլխավոր նպատակն այն է, որ էներգետիկ փոխանակության հաշվին ամրապնդենք տարածաշրջանային համագործակցությունը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանն ու ներգրավելով խոշոր ներդրումներ ու զարգացնելով տրանսպորտային միջանցքը»,- հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հարավային Կովկասի նոր երկրներն «իրենց վրա են զգացել տնտեսական ու սոցիալական ոլորտների փլուզումներ, քաղաքական հակամարտություններ, քաղաքացիական հակասություններ, շրջափակում», ինչը բացասաբար է ազդել նաև էներգետիկայի վրա:
Կախա Կալաձեն հայտարարել է, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Կասպյան էներգակիրների ու ողջ տարածաշրջանի վրա՝ դրանք Եվրոպա հասցնելու նպատակով:
Նրա խոսքով՝ կարևորագույն նախագծերից է Վրաստանի ու Թուրքիայի միջև 700 մեգավատտ ծավալով էլեկտրաէներգիայի փոխանակումն իրականացնելը:
«Տրամաբանական առաջարկություն կդառնա Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասնական էներգետիկ ցանցի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա ստեղծել միասնական տարածաշրջանային էներգետիկ շուկա:
Նկատի ունենալով առկա ու ապագա նախագծերը՝ հնարավոր է դառնում միավորել Հարավային Կովկասի երկրները, ու Վրաստանը կլինի էներգետիկ կամուրջ, որը կապահովի էլեկտրաէներգիայի փոխանակությունն ու առևտուրը»,- կարծում է նա: