
«Եթե այս տարի չլուծվի այս հարցը, ոչ ոք իրավունք չպիտի ունենա ասելու՝ ինչո՞ւ այսպես ստացվեց». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ուրախ ենք, որ երեկ մեր կոչին այդքան համակիրներ անսացին, որ ներկա լինեն, որովհետև Հայաստանի ազատ, անկախ, ինքնիշխան հեռանկարում չկա որևէ էական տարբերություն այստեղ կանգնած ուժերի, քաղաքացիական հոսանքների և ամենակարևորը՝ շարքային հայաստանցիների միջև: Ժողովրդի իշխանությունն այստեղ է բնակվում և երեկ գիշեր Նոր Հայաստանի շտաբը՝ ժողովրդին պատկանող ծառայությունը, տեղափոխվեց Ազատության հրապարակ, և օր ու գիշեր այստեղ աշխատելու է: Յուրաքանչյուր շարքային հայ մարդու, հայաստանցու պահանջն է, որ այս քաղաքական ուժերը, քաղաքացիական, երիտասարդական նախաձեռնություններն ի մի գան և այս հարցը լուծեն այս տարի»,-այսօրվա հանրահավաքին ասաց Նոր Հայաստան շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ճիշտ է, Արամի ասածը , որ եթե այս տարի չլուծվի այս հարցը, եթե թույլ տանք, որ այս կուսակցապետությունն իր ապօրինի իշխող կուսակցական վերնախավով շարունակի իր հաղթարշավը սեփական քաղաքացիների և մեր իրավունքների դեմ, այո, ոչ ոք իրավունք չպիտի ունենա ասելու՝ ինչո՞ւ այսպես ստացվեց: Հիմա կամ երբեք:
Եվ դրա համար այս պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, որովհետև արդեն այս վախկոտ իշխանությունները խախտել են Սահմանադրությունն այնքան անգամ, որ արդեն կասեցված է այդ հանրաքվեն, այլ մենք հավաքվում ենք վերջապես Սահմանադրությունը իւնքնիշխանությունը և ազգային շահը վերադարձնելու համար»,-նշեց նա:
Ր. Հովհաննիսյանն ասաց, որ հրավիրում են բոլոր հայերին և հայաստանցիներին՝ ակտիվորեն օգտվել այս պատեհությունից, ունենալ իրավական, ավելի լավ Հայաստան. «Մենք ունենալու ենք նոր Հայաստան, եթե բոլորս միասին ի մի բերենք մեր ուժերը, դուս գանք մեր հատվածականությունից և ընդամենը մի անգամ մի սերունդի կյանքի ընթացքում մեր ազգի հարցը լուծենք: Դեկտեմբերի 6-ի գիշերը՝ մինչև արշալույս մենք պայքարելու և դիմավորելու ենք Հայաստանի հանրապետության արևածագը»: