«Բոլորդ ամսի 6-ին գնացեք, քվեարկեք, ով չգնաց, հետո խոսելու տեղ չի ունենալու». Արամ Մանուկյան
Քիչ առաջ Ազատության հրապարակ ԱԺ ՀԱԿ խմբագրության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների դեմ իրենց «փամփուշտը» քվեաթերթիկն է. «Մեր քվեաթերթիկով պետք է դրա դեմ պայքարենք, այս չարիքի դեմն առնենք: Բոլորդ ամսի 6-ին գնացեք, քվեարկեք, ով չգնաց, հետո խոսելու տեղ չի ունենալու»:
Նկատենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանն էլ Արամ Մանուկյանի ելույթից առաջ հայտարարեց, որ քաղաքացիների մեծ բանակը, որն իրենց հետո է, չի ուզում մոտենա արկղերին՝ ընդհանրապես մերժելով այս գործընթացը. «Այն քաղաքացիների քանակը, որը գնում է քվեարկության, «Ոչ»-ն է առաջնորդում, մյուսը, որ ավելի մեծ է, որ չեն գնալու, մենք ենք առաջնորդելու»,- հայտարարեց Ժ. Սէֆիլյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի միասնական ճակատի (ՀԱԿ, ՀԺԿ և «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն) հանրահավաքը:
Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նստացույց է անում Ազատության հրապարակում, իսկ այսօր ճակատը մասնակցելու է նաև «Ոչ»-ի հանրահավաքին: