Բաժիններ՝

«Թուրքական հոսք» գազատարի շուրջ բանակցությունները կասեցվել են

«Թուրքական հոսք» գազատարի համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցվել են, քանի որ դադարեցվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, սակայն Թուրքիայում կառուցվելիք «Ակկույու» ԱԷԿ-ի հարցը դեռ բաց է: Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Ավելի վաղ գործակալության աղբյուրը հայտնել էր, թե Ռուսաստանը կասեցրել է բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի ու «Ակկույու» ատոմակայանի շուրջ:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն իր հերթին նախօրեին հայտնել է, որ Թուրքիան պետք է ցուցաբերի հետաքրքրություն «Թուրքական հոսքի» շինարարության հարցում, սակայն Անկարայի կողմից դեռ դիմում չի եղել: «Կդիմեն, կքննարկենք»,- ասել է Միլլերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան «չի կորի» առանց ռուսական գազի մատակարարումների:

Ռուսական «Գազպրոմը» և թուրքական «Բոթաշ» պետական ընկերությունը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրել են Ռուսաստանից Սև ծովի հատակով դեպի Թուրքիա գազատար կառուցելու փոխըմբռնման հուշագիր: «Թուրքական հոսք» անվանումը ստացած այդ գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր:

Այն բաղկացած է լինելու չորս ճյուղից, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 15.75 միլիարդ խորանարդ մետր: Առաջին ճյուղն ամբողջովին նախատեսված է թուրքական շուկա ուղղելու (Թուրքիայի ներքին սպառման) համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս