«Հիշում եմ և պահանջում». շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ ողջ տարին նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, և կրթական համակարգը ևս չէր կարող անմասն մնալ այդ համազգային իրադարձությունից:
«Ողջ տարվա ընթացքում հանրապետության դպրոցներում իրականացվել են տարբեր և շատ կարևոր նախաձեռնություններ: Եվ այսօր այդ միջոցառումները եզրափակվում են շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրմամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել` ձեր ստեղծագործական մտքի, ձեր անկեղծության, արձանագրած հաջողությունների համար:
Այնուհանդերձ, ցեղասպանությունն այն պատմական անարդարությունն է, որին ենթարկվելով` հայերը կրկին միավորվեցին և դառնալով ավելի ուժեղ` այսօր նորից վերապրում են: Եվ պատահական չէ, որ պետական միջոցառումների գլխավոր կարգախոսներից մեկը հենց վերապրումն էր: Դուք եք վերապրած հայ ժողովրդի սերունդը, որն այսօր, այս պատերի ներքո կստանա իր փոքրիկ, բայց հաջողությունների մասին վկայող առհավատչյան:
Վստահ եմ, որ այսօրը կլինի հիշարժան նախևառաջ այս խորհրդանշական վայրում, այս կարևոր համապետական միջոցառումներն ամփոփելու տեսակետից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ստացվել է ավելի քան հազար շարադրություն, և մրցութային հանձնաժողովի համար դժվար է եղել ընտրել լավագույնները: «Բոլոր շարադրություններն էլ լավն էին. թեման այնպիսին էր, որ վատ շարադրություն չէր կարող լինել ի սկզբանե:
Հուսով եմ` բազում գեղեցիկ գրված ստեղծագործություններից մեզ հաջողվել է ընտրել ամենաանկեղծ շարադրությունները` գրված այն երեխաների կողմից, որոնց գերդաստանում կա ցեղասպանության դաժան հետքը»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարությանը` ողջ տարվա ընթացքում ունեցած արդյունավետ համագործակցության համար: «Մենք խնդրել ենք վերանորգումից և վերաբացումից հետո իր պահեստարաններից հանած և դրսից նոր ցուցանմուշներ ձեռքբերած թանգարանն այսօր իր դռները բացի ոչ միայն պարգևատրման, այլ էքսկուրսիայի համար: Թող այսօրվա ձեր հաղթանակը պսակվի նաև այս գիտակրթական հիմնարկում մեր ժողովրդի ողբերգական էջին ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորությամբ»,-նշել է նախարարը:
Արմեն Աշոտյանը ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով և նվերներով է պարգևատրել շարադրությունների մրցույթում հաղթած 15 աշակերտներին:
Նշենք, որ տարվա ընթացքում հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են հուշ-երեկոներ, գրական-երաժշտական հանդեսներ, բաց դասեր՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, Հայոց հարցի պատմությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Կազմակերպվել են նաև հանդիպումներ քաղաքական և հասարակական անվանի գործիչների, Մեծ Եղեռնի զոհերի ժառանգների հետ: Աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողներ: