Կառավարությունը հավանություն տվեց բարոյական վնասի հատուցումն ամրագրող նախագծին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծով ամբողջությամբ ներդրվում է բարոյական վնասի հատուցման ինստիտուտը:
«Եթե հիշում եք, 2004թ. մենք նախատեսել էինք իրավունքների ոչ սպառիչ, ոչ ամբողջական ցանկ, որով հնարավոր էր պահանջել ոչ նյութական կամ բարոյական վնասի հատուցում: Մասնավորապես՝ դրանք էին կյանքի իրավունքը, խոշտանգման արգելքը, անձնական ազատության իրավունքի խախտումը և ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասը: Այժմ, ելնելով նաև Եվրոպական դատարանի պրակտիկայից և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով նախատեսված ցանկից, մենք ավելացնում ենք նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանութան արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքները»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախատեսում են մի քանի կարևոր փոփոխություններ ևս՝ հատուցման չափերի հետ կապված: