
Թուրքիան հակադարձում է Մոսկվային. Մենք ԴԱԻՇ-ի հետ առևտուր չենք անում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան ռուսական կողմի նոր մեղադրանքների, թե ինքն ու Թուրքիայի իշխանությունները մասնակցում են ԴԱԻՇ-ի հետ գործարքներին, դարձյալ խոստացել է հրաժարական ներկայացնել, եթե այդ մեղադրանքներն ապացուցվեն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ոչ ոք իրավունք չունի սևացնել Թուրքիային՝ մեղադրելով նրան ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ Թուրքիան դեռ այդ աստիճան չի մոռացել իր արժեքների մասին, որպեսզի նավթ գնի ահաբեկչական կազմակերպությունից:
Միևնույն ժամանակ, Դոհայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ չի ցանկանում Մոսկվայի հետ վատացնել հարաբերությունները:
Էրդողանի ելույթից քիչ առաջ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, թե Սիրայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի գողացած նավթի հիմնական սպառողը Թուրքիան է:
«Երկրի բարձրագույն ղեկավարությունը, նախագահ Էրդողանն ու նրա ընտանիքը ներգրավված են ԴԱԻՇ-ի նավթի անօրինական շրջանառության մեջ»,- ասել էր Անտոնովը: