Կխոսի՞, արդյոք, Սերժ Սարգսյանը
«Մենք հասել ենք նրան, որ մարդիկ ինչպիսի արտահայտման ձև էլ ունենան, կարողանում են ներկայացնել ժողովրդին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի մասին: Նրա խոսքով՝ որևէ բան չի տապալվելու, քանի որ սա անձերի խնդիր չէ, սա կառավարման մոդելի: «Սա այն քաղաքական ուժերի բեռն էր, որոնք տարիներ այս մոդելի աջակիցն են եղել, Հանրապետականն էլ աջակցեց: Դա չի նշանակում, որ դա կյանքի ու մահվան խնդիր է, որ ասեն՝ ո՛չ ռեժիմին, մա՛հ ռեժիմին»,- նշեց Գ. Սահակյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե սահմանադրության հիմնական նախաձեռնողը՝ Սերժ Սարգսյանը լուռ է, կխոսի՞ ի վերջո, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Ենթադրում եմ, որ պետք է խոսի, բայց դուք կարծում եք՝ առավոտից երեկո պարապ ենք, քննարկում ենք՝ ով պետք է խոսի, ով չպետք է խոսի այդ մասին»: Դիտարկմանը, թե Ժիրայր Սեֆիլյանն ասում է՝ հեղափոխությունը սկսված է, Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Ասեցին նաև երկիշխանություն է, բայց երկրորդ իշխանության իշախաններին չտեսանք»: Հարցին՝ արդյոք մարտի 1-ի դեպքերի կրկություն սպառնո՞ւմ է ցուցարարներին, ԱԺ նախագահն այսպես պատասխանեց. «Մարտի 1-ին ավելի ամուր քաղաքական գործիչներ էին, ու գիտեին՝ որ մասում ինչպես սկսեին, ու ինչ արդյունքներ գրանցեին, կամ չգրանցեին. այս ուժը ավելի շատ քաղաքացիական շարժում է, քան քաղաքական»: