Երևանում սկսվել են բողոքի շուրջօրյա ակցիաներ. «Գրուզիա օնլայն»
Երևանում սկսվել են բողոքի շուրջօրյա ակցիաներ, գրում է «Գրուզիա օնլայն»-ը: Նշվում է, որ Հայաստանի ընդդիմությունը հանդես է գալիս Հայաստանում անցկացվելիք սահմանադրական բարեփոխումների դեմ:
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, թե իրենք ստեղծում են մարդկանց համար պայմաններ, որոնք թույլ կտան մնալ Ազատության հրապարակում օր ու գիշեր:
Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանն արգելել է միջոցառման կազմակերպիչներին հրապարակում վրաններ տեղադրել: Նշվում է, որ Երևանի կենտրոնում հավաքվել են ոստիկաններ:
Գործակալությունը հայտնում է, որ այսօր ևս մեկ միտինգ է նախատեսված: Երեկ տեղի է ունեցել առաջինը, որին հաջորդող երթն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, ձերբակալվել է 2 անձ, որոնց հետո ազատ են արձակել:
«Գրուզիա օնլայն»-ը գրում է, որ բողոքի ցույցերի կազմակերպիչը «Նոր Հայաստան» շարժումն է, որտեղ ներառվել են միանգամից մի քանի ընդդիմադիր կուսակցություններ:
Նշվում է, որ ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեն, որի հետևանքով Հայաստանը նախագահականից կվերածվի խորհրդարանական հանրապետության:
Բացի այդ՝ ընդդիմությունը պահանջում է, որ երկրի գործող իշխանությունը հրաժարական ներկայացնի մինչ հանրաքվեի անցկացումը: