Նիկոլ Փաշինյանը դեռ չի արձագանքել Ժիրայր Սէֆիլյանի կոչին

«Ինչքան տեղեկացել եմ ՀԺԿ-ի ներակայացուցչներն են մոտեցել ու իրենց աջակցությունը հայտնել, իսկ մնացածի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա»,- քիչ առաջ Ազատության հրապարկում այս մասին ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը՝ խոսելով այն մասին, թե երեկ իր կոչին ովքե՞ր են արձագանքել:

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքի ժամանակ Ժ. Սէֆիլյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին, Ստեփան Դեմիրճյանին միանալ իրենց:

Նրա խոսքով՝ իրենք չեն հուսահատեցնելու ժողովրդին, շարունակելու իրենց պայքարը ու հասնելու են իրենց նպատակին:

Նա տեղեկացրեց, որ այսօրվանից իրենց շտաբն ամբողջությամբ տեղափոխում են Ազատության հրապարակ. «Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ մենք իրենց սպասում ենք: Ցուրտ օրեր են սպասվում, պետք է կարողանանք պատսպարվել այդ ցրտից ու մենք աջակցության կարիք ունենք, քանի որ մենք ֆինանսական հովանավոր չունենք, մեր միակ հովանավորը ժողովուրդն է: Ամեն օր ժամը 6-ին հանրահավաք ենք ունենալու, և անպայման ժողովրդի հետ միասին պետք է ճնշենք հակառակորդին: Մենք մեր գործողություններով ամեն ինչ անելու ենք, որ լարում չլինի, ոչ ոքից ոչ մի մազ չպակասի»:

Ժ. Սէֆիլյանը հայտարարեց, որ ճնշումները պետք է օր-օրի ավելանան. «Այսօր մի նժարին դրված է ապօրինի սահմանադրությունը՝ իր գործընթացով, որը միայն մեր երկիրը անկայունության է տանելու, մյուսին դրված է կասեցումը ու ձերբազատումը ռեժիմից, որը կդնի երկիրը բնականոն ընթացքի մեջ»:

Դիտարկմանը, թե երեկ ոստիկանությունը Ժ. Սէֆիլյանին սադրանքների մեջ է մեղադրել, Ժ. Սէֆիլյանն ասաց. «Գլխավոր սթափության կոչ անողին արհամարում եմ»:

Նրա խոսքով՝ հանրաքվեն արդեն տապալված է, ոչ ոք էլ չի խոսում հանրաքվեի մասին:

Նա նաև նշեց, որ այսօր երեկոյան ժամը 6-ին իրենք ավելի հանգամանալից կներկայացնեն իրենց հետագա քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս