
Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ ՆԱՏՕ-ի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել է երկկողմ ռազմավարական համագործակցության հարցեր, հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
«Նախարարները հաստատել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունն ու սերտ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային էներգետիկ ու տրանզիտ նախագծերում: Քննարկվել է նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը ներկայացնում է Sputnik-ը:
Թուրքիայի արտգործնախարարն աջակցություն է հայտնել Վրաստանին եվրոպական ինտեգրման ու ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, դրական դինամիկա նկատել Ադրբեջանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափում:
«Հանդիպման ավարտին Վրաստանի արտգործնախարարը հրավիրել է իր թուրք գործընկերոջը Վրաստան՝ մասնակցելու եռակողմ հանդիպմանը»,- հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը մասնակցում է ՆԱՏՕ-ի աշխատանքներին, որոնք ընթանում են Բրյուսելում դեկտեմբերի 1-2-ը: