Ինչո՞ւ ձեզ չեն սիրում. արարքներ, որոնք նյարդայնացնում են շրջապատին
Շրջապատին նյարդայնացնելու բազմաթիվ միջոցներ կան, և դրանցից շատերը ջանքեր չեն պահանջում: Բավական է նայել նրան, ինչով զբաղվում եք սոցցանցերում, կամ մի քանի րոպե շփվել ձեզ հետ: Business Insider-ի լրագրող Շանա Լեյբովիցն ընտրել է մի քանի տիպիկ առիթներ, որոնք վանում են մարդկանց, և բացատրում է՝ ինչպես խուսափել նման իրավիճակներից:
1. Դուք Facebook-ում չափից շատ նկարներ եք տեղադրում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ Facebook-ում չափից շատ նկարներ եք տեղադրում, դա կարող է խոչընդոտել մարդկանց հետ ձեր հարաբերություններին: Այդ հետազոտություններից մեկի հեղինակ Դևիդ Հոթոնն ասում է. «Մարդիկ (եթե դրանք ձեր մտերիմ ընկերները կամ հարազատները չեն) այնքան էլ լավ չեն ընդունում նրանց, ովքեր անընդհատ իրենց լուսանկարներն են ցուցադրում ու հիանում իրենցով»: Ընկերներին դուր չի գալիս, երբ շատ նկարներ եք ունենում ընտանիքի հետ, իսկ հարազատներին՝ երբ շատ նկարներ եք ունենում ընկերների հետ: Այնպես որ, զգույշ եղեք լուսանկարների հետ. դրանք կարող են ինչպես՝ ամրացնել, այդպես էլ՝ հարված հասցնել հարաբերություններին:
2. Դուք չափից շատ կամ չափից քիչ ընկերներ ունեք Facebook-ում:
Հետազոտություններից մեկի հեղինակները մասնակիցներին խնդրել են գնահատել Facebook-ի հորինված օգտատերերի էջերը: Դա 2008թ. էր, իսկ այդ ժամանակ ընկերների իդեալական քանակ համարվում էր մոտ 300-ը: Երբ օգտատերն ուներ 100 ընկեր, ցածր ռեյտինգ էր ունենում, նույն վիճակն էր լինում նաև այն ժամանակ, երբ օգտատերն ունենում էր 300-ից ավելի ընկեր: Հետաքրքիրն այն է, որ գնահատելիս մարդիկ չէին գիտակցում, որ էջերը գնահատում են ընկերների քանակով, նրանք ուղղակի ասում էին, որ իրենց այդ մարդը դուր է գալիս կամ դուր չի գալիս:
Հետազոտության հեղինակները հանգում են այն եզրակացության, որ շատ ընկեր ունեցողներն ընկալվում են՝ որպես Facebook-ի վրա չափից շատ կենտրոնացած մարդիկ, որոնք ընկերանում են, որովհետև դա պոպուլյար է:
3. Դուք շատ շուտ եք պատմում անձնական որևէ դրվագի մասին:
Սովորաբար մարդիկ միմյանց դուր են գալիս, երբ ինչ-որ անձնական հարցերով են կիսվում: Բայց ըստ հոգեբանների՝ երբ բացահայտում եք ինչ-որ ինտիմ ինֆորմացիա, փչացնում եք մարդկանց հետ ձեր հարաբերությունները, դա տպավորություն է ստեղծում, որ դուք ինքնավստահ չեք, ու վանում է մարդկանց: Կարևոր է անձնական մակարդակով շփումը, բայց ոչ չափից շատ:
Իլինոյսի համալսարանի հետազոտող Սյուզեն Սպրեհերի հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի տաք ու հաճելի մարդ երևալու համար բավարար է պատմել ձեր հոբբիների ու մանկական սիրելի հիշողությունների մասին:
4. Դուք ուրիշներին հարցեր եք տալիս, բայց ձեր մասին ոչինչ չեք պատմում:
Սյուզեն Սպրեհերի նույն հետազոտությունները ցույց են տալիս. կարևոր է, որպեսզի անձնական կյանքի մասին մանրամասների ծավալը հավասարաչափ լինի: Մարդիկ չեն սիրում, երբ դուք փոխադարձաբար չեք կիսվում ինչ-որ անձնական ինֆորմացիայով:
«Թեկուզ փխրուն ու ինքնավստահություն չունեցող մարդիկ կարող են հարցեր տալ, որպեսզի իրենց վրայից ուշադրությունը շեղեն, բայց մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա հարաբերություններ կառուցելու այնքան էլ լավ մարտավարություն չէ»,- գրում են հեղինակները:
5. Ձեր էջի գլխավոր լուսանկարը խոշոր պլանով է:
Եթե ձեր էջի գլխավոր նկարում ձեր դեմքը շատ մոտ է տեսախցիկին, ապա ավելի լավ է՝ փոխեք այդ նկարը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք լուսանկարվել են 45 սմ հեռավորությունից, ընկալվում են՝ որպես ավելի քիչ գրավիչ, հետաքրքիր ու վստահություն ներշնչող, քան նրանք, ովքեր նկարվել են 135սմ հեռավորությունից:
6. Դուք թաքցնում եք ձեր էմոցիաները:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ դա հիմար մարտավարություն է հարաբերությունների հաստատման ժամանակ: Մի հետազոտության ընթացքում ցուցադրել են հայտնի ֆիլմերից դրվագներ ու մարդկանց խնդրել՝ կամ զսպել էմոցիաները, կամ դրանք բացահայտ ցուցադրել: Հետո այդ վիդեոձայնագրությունները ցուցադրել են այլ մասնակիցների ու հարցրել, թե կցանկանայի՞ն արդյոք ծանոթանալ վիդեոյի մարդկանց հետ, ու խնդրել՝ գնահատել նրանց: Նրանք, ովքեր ցուցադրել են իրենց էմոցիաները, գնահատվել են ավելի դրական, քան նրանք, ովքեր զսպել են դրանք:
7. Դուք գովաբանում եք ձեզ՝ ինքնաքննադատության անվան տակ:
Մի փորձեք ընկերների կամ գործատուների վրա տպավորություն գործել՝ ինքնագովասանքը ինքնաքննադատության տակ թաքցնելով: Դա իրականում վանում է մարդկանց: Մի հետազոտության ժամանակ ուսանողներին խնդրել էին իրենց գլխավոր թերության մասին պատմել հարցազրույցի ժամանակ: Մասնակիցների 75%-ը պատմել են, որ իրենք պերֆեկցիոնիստ են, կամ բողոքել են, որ շատ ու եռանդով են աշխատում:
Մասնակիցներին գնահատողներն ավելի մեծ տեղ են հատկացրել անկեղծ մարդկանց, որոնք անկեղծ են խոսել իրենց մասին, օրինակ, ասել են, որ երբեմն շատ նյարդային են, կամ՝ միշտ չէ, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվում է, և այլն:
Թարգմանությունը՝ 168.am-ի