Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է Րաֆֆի Հովհաննիսյանին ու Ժիրայր Սեֆիլյանին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով:

Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը:

ՀՀ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել երթի կազմակերպիչներին հետևել իրազեկմամբ նախանշված երթուղուն: ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով ՀՀ ոստիկանության նախապես տարածված հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության և օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն և ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ:

ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս