
Ժիրայր Սեֆիլյանը սպառնաց Ոստիկանությանը․ երթը անակնկալ ընթացք է ստանում

Այս պահին Հանրապետություն փողոցում Ոստիկանությունը թույլ չի տալիս «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներին՝ օգտագործել բարձրախոսները։
Ոստիկանությունը նախազգուշացրեց, որ ավտոմեքենան, որի մեջ բարձրախոսներն են և որն ուղեկցում էր երթի մասնակիցներին երթի ընթացքում, չի կարող այլևս ուղեկցել երթի մասնակիցներին։ Ճակատի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը ոստիկանությանը հիշեցրեց հավաքների ազատության մասին օրենքը՝ Ոստիկանությանը մեղադրելով երթը և խաղաղ հավաքի ընթացքը խոչընդոտելու մեջ։
Իր հերթին Գարեգին Չուգասզյանը խնդրեց Ոստիկանությանը՝ թույլ տալ տեղադրել բարձրախոսները, որոնք անհրաժեշտ են երթը և բազմահազար մարդկանց կառավարելու համար։
«Եթե արգելում եք դինամիկները տեղադրել, խոչընդոտում եք խաղաղ կառավարել հանրահավաքը և պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա»,- ասաց նա։ Ժիրայր Սեֆիլյանը բարձրացավ բարձրախոսներով բեռնված ավտոմեքենայի վրա և կոչով դիմեց երթի մասնակիցներին․ «Առանց բարձրախոսի կառավարել հնարավոր չէ, Ոստիկանությունը պետք է հասկանա, եթե թույլ չեք տալիս, մենք այստեղից չենք շարժվում, կոչ ենք անում ժողովրդին կուտակվել այստեղ»,- հայտարարեց նա։