Թևոսիկի եղբոր սպանության գործով վկան Նորքում 2 մանկահասակ երեխաների մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալն է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի (Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր հարցաքննվեցին գործով երկու վկաներ:

Դատարան էր ներկայացվել գործով վկա Ռազմիկ Ավետիսյանը, ով հայտնեց, որ ճանաչել է Մովսես Ներսիսյանին (գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը մեղադրվում է նրա սպանության մեջ, դին չի հայտնաբերվել): Վկայի խոսքով՝ Մովսես Ներսիսյանի հետ գործնական հարաբերություններ է ունեցել, շինանյութ էր առաջարկում և գնում: Ըստ վկայի՝ դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, բացի դրանից, որևէ այլ տեղեկություն նրա մասին հայտնի չէ: Նա հայտնեց, որ Մովսես Ներսիսյանը պետք է գար իր մոտից ինչ-որ բան տանելու, սակայն իրենց կապը կտրվել է, զանգահարել է նրան, հեռախոսին չեն պատասխանել, ապա լրատվամիջոցներից տեղեկացել է կատարվածի մասին: Վկան հայտնեց նաև, որ արդեն 10 ամիս է՝ վթարի հետ կապված գործով կալանքի տակ է:

Նշենք, որ Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Արմենակյան փողոցում տեղի ունեցած վթարի գործով. դեպքի հետևանքով երիտասարդ կնոջը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, իսկ նրա մանկահասակ որդիներին անզգուշությամբ մահ է պատճառվել:

Գործով մյուս վկան էլ հայտնեց, որ Մովսես Ներսիսյանի հետ ծանոթացել է «Odnoklassniki» սոցիալական կայքի միջոցով, 2 ամիս գրել է իրեն, ապա շփվել հեռախոսով, հետագայում 2 անգամ սրճարանում են եղել: Վկան հայտնեց, որ Մովսես Ներսիսյանն իրեն ասել է, որ աշխատում է՝ որպես դիսպետչեր: Վկայի խոսքով՝ իր համար զարմանալի է եղել, որ կապը կտրուկ կտրվել է, միայն դեկտեմբերի 31-ին իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ շնորհավորելով ամանորը: Հետագայում իրեն հարցաքննել են, ինքն իմացել է, որ Մովսես Ներսիսյանը հետախուզման մեջ է, կասկածվում է սպանության կատարման մեջ: Ապա լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Իսրայել Սարգսյանը կասկածվում է Մովսես Ներսիսյանի սպանության մեջ:

Արթուր Սաֆարյանի որդին՝ Թևոս Սաֆարյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի միջոցով դիմում էր ներկայացրել դատարանին՝ հայտնելով, որ օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ և Քրեական դատավարության օրենսգրքով իրեն տրված իրավունքից, չի ցանկանում այս գործով ցուցմունք տալ: Տուժողի որդին խնդրել էր իրեն դատարան չկանչել:

Նշենք նաև, որ դատական նիստի ընթացքում գործով մեղադրողը միջնորդեց առավել արդյունավետ դատաքննություն իրականացնելու առումով փոփոխել ապացույցների հետազոտման՝ սահմանված կարգը և հաջորդ դատական նիստից սկսել հետազոտել նաև գործում եղած փաստաթղթերը և մյուս ապացույցները, դրան զուգընթաց՝ հարցաքննել նաև վկաներին: Կողմերը չառարկեցին: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քրեական գործը դատարան ուղարկելու ժամանակ քննիչը որոշում է կայացրել և քրեական գործից մասեր անջատել: Փաստաբանն ասաց, որ տեղյակ է՝ կենսաբանական փորձաքննություն է նշանակվել, այդ թվում՝ ամբաստանյալի հագուստներով: Նա միջորդեց պահանջել այդ գործի նյութերն ուսումնասիրելու համար, և, եթե անհրաժեշտություն լինի, կցել այս գործին: Դատարանը հետագայում կանդրադառնա միջնորդությանը:

Տեսանյութեր

Լրահոս