«Վերարտադրության մասին դրույթը չի դիմանում որևէ քննադատության». Նարեկ Գալստյան
Հնչակյան կուսակցությունը, որը հայ իրականության մեջ առաջինն էր խոսել խորհրդարանական համակարգի մասին, չէր կարող դեմ քվեարկել այս նախագծին։ Այս մասին այսօր ՍԴՀԿ խորհրդաժողովի ժամանակ ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը։
Ըստ նրա` Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացվածության և անտարբերության պայմաններում միայն ու միայն խորհրդարանական համակարգն է, որ կարող է երկրում կայացնել այս, նրա կարծիքով՝ արդեն իսկ վստահություն չվայելող ինստիտուտները:
Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի այն տեսակետին, թե այս նախագծով իշխանությունները ցանկանում են վերարտադրվել, Նարեկ Գալստյանը նշեց, որ աշխարհի ցանկացած երկրի ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել.
«Աշխարհի ոչ մի իշխանություն ընդդիմությանը հենց այնպես չի հանձնում կառավարման լծակները։ Ի՞նչն է խանգարում իշխանություններին վերարտադրվել գործող Սահմանադրությամբ։ Ինչ է, հնարավոր չէ՞, որ գործող նախագահը դառնա վարչապետ, հետո՝ կրկին նախագահ, եթե, իհարկե, խոսքը ցանկությունների դաշտի մասին է։ Կամ այս Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակա՞ս են։ Վերարտադրության մասին դրույթը չի դիմանում որևէ քննադատության։
Երկրորդ փուլի կամ մեծամասնության թեզն են առաջ քաշում, ասում են, որ դրանով կվերարտադրվեն իշխանությունները։ Միայն համամասնական ընտրակարգով ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի հավաքել, դա հավաքել են տխրահռչակ մեծամասնականով»:
Նա նշեց, որ համակարգային փոփոխությունն ուղղակի անհրաժեշտ է մեր երկրին. «Անձինք մեր երկրում շատ են փոխվել, բայց դրանից որևէ առաջընթաց երկրում չի գրանցվել, մեզ համակարգային փոփոխություն է պետք»: