Սերժ Սարգսյանի իրական դաշնակիցները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանում ամենասուղ ռեսուրսը մարդկային ռեսուրսն է, որի բացակայությունը, իհարկե, մյուս ամենակարևոր ռեսուրսի՝ փողի սակավության հետևանք է: Մարդու պակասը զգացվում է գրեթե ամենուր՝ սկսած շուկայից, որի ծավալները սեղմվել են վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով, վերջացրած քաղաքականությամբ, որտեղ մարդկային ռեսուրսի պակասը շատ կոնկրետ հետևանքներ է ունենում: Թե որքան է կազմում ներկայումս Հայաստանի մշտական բնակչությունը, որևէ մեկը ստույգ ասել չի կարող, քանի որ արժանահավատ սոցիոլոգիական հարցում կամ մարդահամար չի անցկացվել: Հնչում են տարբեր գնահատականներ՝ 1.5 միլիոնից՝ մինչև 2-2.2 միլիոն մարդ:

Անկախ Հայաստանում մնացած մարդկանց իրական թվաքանակից, սակայն, աներկբա է, որ նրանց մեծամասնությունը եթե ոչ՝ ընդդիմադիր է ուղղակի իմաստով, ապա՝ դժգոհ, մեղմ ասած, դժգոհ է իշխանություններից և ցանկանում է փոփոխություններ: Որևէ այլ երկրում այս իրավիճակը, ծանր սոցիալ-տնտեսական դրությունն ու որպես դրա հետևանք՝ քաղաքացիների մեծամասնության դժգոհությունն իշխանությունից ու իշխանափոխության պահանջը, ուղղակի երազանք կլիներ ընդդիմադիր ուժերի համար: Իշխանությունն իր ապաշնորհությամբ ու անարդյունավետությամբ ուղղակի նվեր է մատուցում ընդդիմությանը՝ հասարակությանը մոբիլիզացնելու և իշխանափոխություն իրականացնելու համար:

Սակայն Հայաստանը բացառությունների երկիր է, և բացառություն է նաև այս երևույթը: Հայաստանում որքան սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարանում ու մարդկանց դժգոհությունն ավելանում է, այնքան ընդդիմությունն ավելի հեղինակազրկվում ու կորցնում է վստահությունը հասարակության շրջանում:

Եթե մինչև վերջերս ընդդիմադիրները նման գնահատականը կարող էին որակել՝ որպես զրպարտություն և «իշխանական ստոր հերյուրանք», ապա արդեն այդպես հակադարձել չեն կարող, որովհետև ասվածն ապացուցող թվեր կան:

Ընդ որում, թվեր, որոնք «ստեղծել են» հենց իրենք՝ ընդդիմադիրները: Ինչպես տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԱԺ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները չեն կարողացել հանրաքվեի համար ձևավորված բոլոր 1997 ընտրական տեղամասերում հանձնաժողովի մեկական անդամ նշանակել: ՀԱԿ-ը նշանակում չի կատարել՝ 245, իսկ «Ժառանգությունը»՝ 118 տեղամասային հանձնաժողովներում: Ավելին՝ օրինակ, ՀԱԿ-ի չլրացրած 245 տեղերից մոտ 20-ում ՀԱԿ-ը՝ հանձնաժողովի քարտուղարի, իսկ 5-6-ում՝ հանձնաժողովի նախագահներ նշանակելու իրավունք է ունեցել: Ըստ օրենքի, թափուր մնացած տեղերում նշանակումներ է կատարում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ ակնհայտ է՝ այդ տեղերը լրացվելու են իշխանության ներկայացուցիչներով:

Այս ցուցանիշներն իսկական խայտառակություն են իրենց արմատական համարող ընդդիմադիր այս ուժերի համար: Այսինքն՝ այս կուսակցությունները, ովքեր հրապարակներում մի քանի հարյուր հոգի մարդ են կարողանում հավաքել ու իրենց ելույթներում իշխանափոխության օրեր ու ժամեր են խոստանում, խոստանում են քշել իշխանություններին, հայտարարում են, որ իշխանությունը դողում է իրենցից, ինչպես աշնան տերևը… ահա այս ուժերը 2000 հոգի համակիր չունեն ամբողջ Հայաստանում:

Ընդ որում, խոսքը կուսակցությունների մասին է, որոնց առաջնորդները նախորդ նախագահական ընտրություններում դե ֆակտո հաղթել են իշխանությանը և ունեցել են հարյուր-հազարավոր համակիրներ: Նրանցից մեկի ղեկավարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ հարյուր-հազարների համակրանքը զոհաբերեց ԲՀԿ-ին ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին (թե ինչի դիմաց՝ էական չէ), մյուսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, պաատկերավոր ասած՝ Վլադիմիր Գասպարյանին:

Ու հիմա, երբ 2000 հոգի չունեցող այս ուժերը հերթական անգամ իշխանափոխություն են խոստանում, դա ոչ այնքան՝ ծիծաղ, որքան՝ լաց է առաջացնում: Բայց խնդիրը միայն այս խոստումները չեն, այն շատ ավելի խորքային է և վկայում է քաղաքական համակարգի արատավորության մասին: Իսկ խնդիրն այն է, որ այս ընդդիմադիր ուժերը շատ ավելի անպատասխանատու են իրենց գործունեության մեջ, քան իշխանությունը, որից նրանք պահանջում են պատասխանատու ու հաշվետու լինել հասարակության առաջ:

Իսկ ե՞րբ են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հաշվետու լինելու նույն հասարակությանը՝ իրեն փողոց հանելու, առաջին դեպքում՝ 10 զոհ ունենալու և որևէ արդյունքի չհասնելու, մյուսի պարագայում՝ վստահությունը ծաղրի առարկա դարձնելու համար:

Նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրում, հաշվետվողականության ինստիտուտների գործունեության դեպքում՝ այս ուժերն ու գործիչներն ուղղակի կշպրտվեին քաղաքական աղբանոց և բարոյական իրավունք չէին ունենա անգամ իրենց փողոցի աղբահանության որակի մասին հայտարարություններ անելու համար: Բայց Հայաստանում այդպես չէ:

Հայաստանում իշխանությունը բռնազավթել է իշխանությունը, իսկ այս ընդդիմադիր ուժերը՝ ընդդիմության տեղը: Ու երկուսով՝ իշխանությունն ու ընդդիմության այս հատվածը, նպաստում ու աջակցում են իրար՝ դառնալով մեկմեկու գոյության գրավականը: Ընդդիմադիր այս ուժերն իշխանությունների շարունակականության գրավականն են, իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որ հենց նրանք զբաղեցնեն արմատական ընդդիմության տեղը: Որովհետև իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ ընդդիմության փոփոխության դեպքում, ուշ թե շուտ, հասունանալու է նաև իշխանափոխության հարցը: Հասկանում է ու թույլ չի տալիս «ընդդիմափոխություն»՝ այդպիսով կանխելով իշխանափոխությունը:

Տեսանյութեր

Լրահոս