Ոստիկանն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության մեջ. ՀՔԾ

Քաղաքացի Անուշ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր նախկին ընկեր, ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ն մեջքի հատվածից հրել և վայր է գցել իրեն բետոնե սալիկների վրա, ինչի հետևանքով ընդհատվել է իր 6 ամսական հղիությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ Անուշ Ա.-ի մոտ եղել է 21-22 շաբաթական հղիություն, որն ընդհատվել է ինքնաբեր վիժման հետևանքով:

Դատաբժշկական փորձաքննությամբ՝ Անուշ Ա.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ժիրայր Խ.-ն հերքել է Անուշ Ա.-ին հանդիպելու, նրան հրել-գցելու հանգամանքը:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող Ժիրայր Խ.-ն հիշյալ օրը՝ նշված ժամանակահատվածում, կատարել է իր ծառայողական պարտականությունները՝ գտնվելով աշխատավայրում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ Անուշ Ա.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործություն կատարելու մեջ է մեղադրել ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ին: Անուշ Ա.-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել ոստիկանության աշխատակցի կողմից դիտավորությամբ իրեն առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ:

Քաղաքացի Անուշ Ա.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս