Բաժիններ՝

Նեպտունը դիտելու լավագույն ժամանակն է

Սեպտեմբերի 1-ի գիշերն Արեգակնային համակարգի ամենահեռավոր մոլորակը` Նեպտունը, կգտնվի դիմակայության մեջ, ինչը նշանակում է, որ կլինի նրա դիտման ամենահարմար ժամանակն այս տարվա ընթացքում:

Երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի և Նեպտունի միջև, և Նեպտունի (ինչպես նաև այլ արտաքին մոլորակների` Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան) նման դիրքը կոչվում է դիմակայություն: Այդ պահին մոլորակն ամենամոտն է Երկրին, և ամբողջապես դիտվում է Արեգակի կողմից մոլորակի լուսավորված կեսը (ինչպես օրինակ Լուսինը Լիալուսնի ժամանակ):

Դիմակայությունը տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները և նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի և մոլորակի միջև:

Օրինակ Նեպտունի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 2 օր ուշացումով (2016-ին տեղի կունենա սեպտեմբերի 3-ին): Այս օրերին Նեպտունը դիտվում է Այծեղջյուրի և Ջրհոսի համաստեղությունների սահմանի վրա: Նեպտունի պայծառությունը (7.66-7.83 աստղային մեծություն) թույլ է տալիս այն դիտել սիրողական աստղադիտակներով:

Հիշեցնենք, որ Նեպտունը Արեգակնային համակարգի ութերորդ մոլորակն է, նրա հայտնաբերումը կապված է երեք գիտնականների անվան հետ. Ուրանի ուղեծրի անսպասելի փոփոխությունները ֆրանսիացի Ալեքսիս Բուվարին թույլ տվեցին ենթադրել, որ գոյություն ունի ևս մեկ մոլորակ, այնուհետև մեկ այլ ֆրանսիացի Ուրբան Լեվերիեն հաշվարկեց ենթադրյալ մոլորակի դիրքը և 1846թ. սեպտեմբերի 23-ին գերմանացի Յոհան Գոտֆրիդ Գալլեն մոտավորապես այդ տիրույթում հայտնաբերեց նոր մոլորակը:

Այն հաճախ անվանում են երկնագույն մոլորակ, սակայն սիրողական աստղադիտակով նայելիս գույնն այնքան էլ հստակ չի զգացվում: Իր չափերով զիջում է միայն Յուպիտերին, Սատուրնին և Ուրանին, տրամագծով Երկրից մեծ է 3.9 անգամ, զանգվածով` 17 անգամ, իսկ խտությամբ փոքր է 3.4 անգամ: Նրա հեռավորությունը Երկրից տատանվում է 4.2-4.7 միլիարդ կմ սահմաններում: Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է Ցելսիուսի -218-ից -223 աստիճան սահմաններում: Նեպտունի մթնոլորտում գրանցվել են Արեգակնային համակարգի ամենուժեղ քամիները, որոնց արագությունը հասնում է 2100 կմ/ժամի: Նեպտունի օրվա տևողությունն է 16 ժամ, իսկ Արեգակի շուրջ պտույտ է կատարում 163.7 երկրային տարում: Ունի 13 արբանյակ:

Նեպտունի կամ Պոսեյդոնի` որպես ծովերի աստծո, արբանյակներն էլ ունեն համապատասխան դիցաբանական անուններ. նրանցից հատկապես հայտնի են Տրիտոնը (Արեգակնային համակարգի մոլորակների խոշորագույն արբանյակներից մեկը) և Ներեիդը, որոնք երկար ժամանակ համարվում էին Նեպտունի միակ արբանյակները: Միայն 1989-ին ամերիկյան Վոյաջեր-2 տիեզերական կայանի կողմից հայտնաբերվեց ևս 6 խոշոր արբանյակ, իսկ ավելի ուշ` ևս 5-ը: Սատուրնի և այլ հսկա մոլորակների նման Նեպտունն էլ ունի օղակներ, սակայն դրանք թույլ են և սովորական աստղադիտակներով չեն երևում:

Հայկական աստղագիտական ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս