Գեյ-ակտիվիստները Նեպալում երթ են անցկացրել՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողները մասնակցել են փողոցային երթի՝ պահանջելով իրենց իրավունքներն ամրագրել սահմանադրորեն:
Հարյուրավոր վառ հագնված ու դիմահարդարված մարդիկ պարելով անցել են քաղաքի փողոցներով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակտիվիստները պահանջում են, որ նոր Սահմանադրությամբ թույլատրվեն միասեռական ամուսնությունները, միասեռական զույգերը իրավունք ունենան երեխաներ որդեգրել, կարողանան գնել անշարժ գույք ու ժառանգել միմյանց կարողությունը:
Նեպալը «երրորդ սեռի» գոյությունն ընդունել էր 2007 թվականին, երբ երկրի Գերագույն դատարանը պարտադրեց կառավարությանը հրաժարվել բոլոր օրենքներից, որոնք սեքսուալ կողմնորոշման կամ գենդերային նույնականացման խտրականության տարրեր էին պարունակում:
Այս տարի Նեպալում սկսեցին անձնագրեր բաժանել, որտեղ սեռի դիմաց նշված է «այլ» այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց նույնականացնել որպես կին կամ տղամարդ: