Բաժիններ՝

Մի քանի օրից Ստեփանակերտում կբացվի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

Շատ շուտով Ստեփանակերտի պատանիների ուսումնական կյանքը կփոխվի: Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի ջանքերով սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Բացման արարողությանը ներկա կգտնվեն Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը:

ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմական շենքում:

Շինության վերանորոգումը իրականացել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նվիրատվության շնորհիվ: Ստեփանակերտի ծրագիրը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական երկու օր և կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:

Թումոյի հաղորդակցման բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբեր ամսից գրանցված ուսանողները կսկսեն իրենց ուսումը Թումոյում:

Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, իսկ երկրորդը՝ Դիլիջանում՝ 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս