
ԱՄՆ-ը 2016-ին կսկսի ծանր սպառազինություններ տեղակայել Լեհաստանում

Լեհաստանի երկու ռազմաբազայում 2016թ. կեսին կսկսվի ամերիկյան ծանր սպառազինությունների տեղակայումը: Այս մասին հաղորդում է լեհական TVP.info հեռուստաալիքը՝ հղում կատարելով Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակի Twitter-յան միկրոբլոգին:
Բազաները, որտեղ տեղակայվելու են ամերիկյան տանկերն ու հրետանային սարքավորումները, գտնվում են երկրի հյուսիս-արևելքում:
Մանրամասները քննարկվելու են ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա 2015թ. Բրյուսելում, հայտնել է լեհ նախարարը:
2015թ. հունիսին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում ու Բալթյան երկրներում ժամանակավորապես կտեղակայվեն Abrams տեսակի 90 տանկեր, Bradley տեսակի 140 զրահամեքենաներ ու 20 հրետանային սարքավորումներ:
Լեհաստանում ամերիկյան ծանր սպառազինությունների տեղակայումը կդառնա նման տեսակի առաջին տեղակայումը ՆԱՏՕ-ի անդամ-երկրի տարածքում: