
Լիբիայի ափերի մոտ երկու նավ է խորտակվել, կան հարյուրավոր զոհեր ու անհետ կորածներ

Լիբիայի ափերի մոտ երկու նավ է խորտակվել, կան հարյուրավոր անհետ կորածներ: Առաջին նավում, որն աղետի ազդանշան էր տվել նախօրեին, գտնվել է մոտ 50 մարդ, երկրորդում՝ մինչև 400 մարդ:
Լիբիայի առափնյա պահպանությունը շարունակում է փրկարարական օպերացիան, սակայն ենթադրվում է, որ նավերի բազմաթիվ ուղևորներ խորտակվել են:
Ականատեսների խոսքով՝ ավելի քան 100 մարմին է տեղափոխվել առափնյա Զուվարա քաղաքի հիվանդանոց: Զոհերի թվում կան փախստականներ Սիրիայից, Բանգլադեշից ու Աֆրիկայի մի քանի երկրից:
Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ նվազագույնը 201 մարդու հաջողվել է փրկել, նրանցից 147-ին ուղարկել են Սաբրատա քաղաքում ներգաղթյալների ժամանակավոր պահման կենտրոն, հայտնում է Reuters-ը:
Զոհերի մեծ մասը երկրորդ նավի ուղևորներ են, ովքեր, ենթադրաբար, չեն հասցրել տարհանվել ժամանակին ու արգելափակվել են նավի ներսում: