Գազային հարցով ՌԴ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 11-ին Վիեննայում
Ուկրաինան կարող է միանալ սեպտեմբերի 11-ին Վիեննայում նախատեսված Եվրահանձնաժողովի ու Ռուսաստանի միջև անցկացվելիք գազային խորհրդակցություններին:
Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը Վիեննայում ԵՄ-ի հետ խորհրդակցություններից հետո:
«Կարծում եմ՝ բացառված չէ, դա լավ գաղափար է»,- ասել է նա՝ հավելելով, թե նման հանդիպումը կարող է և ավելի ուշ կայանալ:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն ու Կիևը հանդիպմանը ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների բացակայության պատճառով չեն պայմանավորվել Վիեննայում ՌԴ-ից գազի գնման ֆինանսավորման վերաբերյալ:
«Մենք դիտարկել ենք ֆինանսավորման մի քանի տարբերակ, սակայն հաշվի առնելով, որ հանդիպմանն անձամբ ներկա չեն եղել ֆինանսական ինստիտուտները, որոնք ներկայացնում են լիկվիդայնությունը, ինչ-որ բանի մասին պայմանավորվելն անհնար է եղել»,- ասել է նա: