Մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1979թ. ծնված Արագած Թամրազյանին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։
Նախնական քննության տվյալներով՝ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին ԱԹամրազյանը՝ «Տոյոտա Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է իր եղբոր հետ վիճաբանած Նավասարդ Աբգարյանի վարած «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենային, որի ընթացքում «Բայկալ» տեսակի հրացանից չորս անգամ կրակել է նրա ուղղությամբ: Կրակոցներից երեքը դիպել են ավտոմեքենայի հետևի ապակուն, իսկ մեկը` հետին ձախ դռան եռանկյունաձև պատուհանին:
Քննությամբ պարզվել է, որ Նավասարդ Աբգարյանը, փոխելով ավտոմեքենայի ուղղությունը, կիսով չափ բարձրացել է մայթ, իջել ավտոմեքենայից եւ որպես հետիոտն անցել ճանապարհի երթևեկելի մաս: Արագած Թամրազյանն իր վարած ավտոմեքենայով շարունակել է հետապնդել նրան եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով նույն հրացանով կրակել մեկ այլ՝ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմում թաքնվող Ն.Աբգարյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքով վերջինս տեղափոխվել է «Դիլիջանի բժշկական կենտրոն», որտեղ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին մահացել է։
Ա.Թամրազյանի կողմից արձակված կրակոցներից մեկը դիպել է նաեւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային՝ այդպիսով զգալի նյութական վնաս պատճառելով ավտոմեքենայի սեփականատիրոջը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Թամրազյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել 2013 թվականի դեկտեմբերի 28-ին եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից մեղադրյալը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 25-ին եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: