Արցախում մի քանի օր կաթ չի արտադրվի

Ստեփանակերտի խանութներն այսօր թարմ կաթ չեն ստացել :
Վաճառողուհիների տեղեկացմամբ՝ տեղական «Արցախկաթ» եւ «Առաջնեկ» (Մու-Մու) ընկերությունները կաթ մատակարարելու են միայն օգոստոսի 30-ից:

«Առաջնեկ» ընկերության տնօրեն Մուշեղ Ենգիբարյանը Karabakh-open.info-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ իրենց մոտ հիմա «սանիտարական օրեր են»։ Նա նաեւ հավելեց, որ տարեկան մեկ անգամ նման օրեր են լինում:

Կաթնամթերք արտադրող մեկ այլ՝ «Արցախկաթ» ընկերությունից կայքին  տեղեկացրել են, որ կաթը կմատակարարվի մի քանի օրից՝ փաստելով, որ իրենց մոտ էլ է հայտարարված սանիտարական ստուգումների օրեր։

Հարց է առաջանում, կաթնամթերք մատակարարող այս երկու ընկերություններում սանիտարական օրերը պարզապես համընկել են, թե ստուգումները կապված է վերջին շրջանում հանրապետությունում բռնկված աղիքային հիվանդությունների վարակի հետ։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ մանկապարտեզների երեխաների շրջանում բռնկված վարակի պատճառը, պաշտոնական տվյալներով, «Արցախկաթ» ընկերության կաթնամթերքն էր: Փաստի առթիվ քրեական գործ էին հարուցել, սակայն ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվել շուրջ 100 երեխաների մոտ բռնկված վարակի համար:
Թե ի՞նչ կլինի այս անգամ՝ դժվար է ասել, բայց վարակը շարունակում է «իր սեւ գործն անել»:

Տեսանյութեր

Լրահոս