
Երևանում գրպանահատներ են հայտնաբերվել

Օգոստոսի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում 1992 թ. ծնված Անի Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային և զեղչի քարտեր, անձնագիր, սոցիալական քարտ, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնն առգրավված է:
Նույն օրը և նույն վայրից ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել նաև 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին:
Պարզվել է, որ նա նույն երթուղու ավտոբուսի սրահում 1991 թ. ծնված Գրետա Մ.-ի պայուսակից գողացել է 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ և սոցիալական քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: