
Գերմանիայում այրել են փախստականների համար նախատեսված շինությունը

Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է այն մասին, որ Նաուեն քաղաքում, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ հրդեհի հետևանքով այրվել է դպրոցական մարզասրահը, որը մտադիր էին տրամադրել փախստականներին՝ որպես ժամանակավոր կացարան:
Ավելի վաղ Նաուենում ուլտրաաջերը ցույցեր էին կազմակերպել փախստականների դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հրդեհն սկսվել է երեկ գիմնազիայի տարածքում, որը գտնվում է Բեռլինից 15 կմ հեռավորության վրա: Ենթադրվում էր, որ շինությունում կկարողանա ապաստանել 130 փախստական:
Ոստիկանության կարծիքով՝ քիչ հավանական է, որ հրդեհը ծագեր տեխնիկական անսարքությունների հետևանքով:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Վայսախ-իմ-Տալ քաղաքում՝ Շտուտգարտից ոչ հեռու, դարձյալ այրվել էր շինություն, որտեղ նախատեսում էին բնակեցնել փախստականներին: Ոստիկանությունը կարծում է, որ շենքը հրդեհել են դիտավորյալ: