
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Արագածոտնի մարզի սպանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախնական տվյալներով՝ 2015թ.-ի օգոստոսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Գ.Գալոյանն իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Գ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, Գ.Գրիգորյանը ճանաչվել է տուժող:
Կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել վկաներ։
Գ.Գալոյանը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել կատարված դեպքի վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: