Բաժիններ՝

Սաակաշվիլին հերթական սեփականաշնորհված լողափն է ազատագրել

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին օրերս իրավապահների հետ այցելել է Ուկրաինայի բնապահպանության և բնական պաշարների նախկին նախարար Նիկոլայ Զլոչևսկու «մասնավոր» լողափ: Այս մասին Սաակաշվիլին հայտել է Facebook-ի իր էջում:

«Օդեսայի այս հիանալի լողափը գրավել էր նախկին նախարար Զլոչևսկին, ով իր առանձնատան լողավազանը ծածկել էր այնպես, որ անօդաչու թռչող սարքերի տեսախցիկները չկարողանան այն նկարել: Դրանցով կամավորները վերջին շրջանում սկսել էին ուսումնասիրել այդ տարածքը, իսկ մեր ներկայացուցիչներին, ովքեր եկել էին այստեղ, առանձնատան անվտանգության աշխատակիցները հավաստիացնում էին, որ այդտեղ լաբորատորիա է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զլոչևսկու «գիտական լաբորատորիան», ըստ Սաակաշվիլիի, ներառում է իր մեջ «թե´ ոսկե ձկնիկներ, թե´ հսկայական քանդակներ»: Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ լողափի մասնավորեցման հարցով զբաղվելու է արդեն դատախազությունը:
«Եթե մենք ունենայինք դատախազություն, ապա այդ «լաբորատորիայի» տերը վաղուց նստած կլիներ ավելի համեստ տարածքում»,- ընդգծել է նա:

Սաակաշվիլին հայտնել է, որ ինքը մոտ մեկ ամիս առաջ նամակ է ուղարկել քաղաքային ծառայություններին, սակայն նրանք չեն պատասխանել իրեն:
«Ստիպված եղանք անձամբ բացել լողափը: Հրավիրում եմ բոլոր օդեսացիներն ու հյուրերին այստեղ»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սաակաշվիլին բացում է սեփականաշնորհված լողափը հասարակ քաղաքացիների համար: Նախորդ անգամ նա ոստիկանների հետ այցելել էր գործարար, «Բատկիվշչինայի» նախկին պատգամավոր Վասիլի Խմելնիցկու փակ լողափ: Նրա այցից հետո «սեփականաշնորհված լողափն առաջին անգամ իր դռներն էր բացել քաղաքացիների առաջ: Վերջին անգամ «հասարակ օդեսացին» այդ լողափին եղել էր 1972 թվականին:

Տեսանյութը՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս