Ասադը մերժել է միջազգային հսկողության ներքո ընտրությունների անցկացման գաղափարը
Սիրիայում ազգային ընտրությունների անցկացումը միջազգային դիտորդների ներքո անցկացնելը երկրի ինքնիշխանության խախտում է, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Եթե այդ որոշումը սիրիական է՝ որպես ազգային համաձայնության երկխոսության արդյունք, ապա խնդիր չկա, սակայն միջազգային դիտորդների հսկողության դեպքում դա միջամտություն է Սիրիայի ինքնիշխանությանը: Ո՞ր միջազգային մարմինն է լիազորված մեզ տալ «լավ վարքի սերտիֆիկատ»»,-Ասադի խոսքերը մեջբերել է սիրիական SANA գործակալությունը:
Ասադը հավելել է, որ երկրի ղեկավարությունը պայմանավորվել է որոշ պետությունների հետ Սիրիայի նախագահական ընտրություններին փորձագետների ներկայության մասին: Նրանց խնդիրը համագործակցությունն է ու ընտրությունների անցկացման կազմակերպումը, այլ ոչ թե դիտորդական առաքելությունը, ասել է նա:
Իրանի ԱԳՆ-ն օգոստոսի 4-ին հանդես էր եկել սիրիական ճգնաժամը կարգավորելու առաջարկով, որի հիմնական կետերն են երկրիում ընտրությունների անցկացումը միջազգային դիտորդների հսկողության ներքո, ազգային միասնության կառավարության ձևավորումն ու կրակի լիակատար դադարեցումը: