«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու գործով նախաքննությունն ավարտվել է

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանը նույն ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վթարի կապակցությամբ, առանց հափշտակելու նպատակի, նախնական դիտավորությամբ և խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը:

Մասնավորապես՝ Տիգրան Պողոսյանը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից հնարավոր ստուգման դեպքում խնդիրներից խուսափելու նպատակով, ՍՊ ընկերությանը պատկանող և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենայի դիմապակուն փակցրել է հիշյալ ընկերությանը պատկանող նույն մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի տեխզննության և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության տրամադրած ապահովագրական կտրոնները:

2014 թ. մայիսի 27-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ժայռ» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի վարորդի կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման հետևանքով առաջացած ավտովթարի արդյունքում տուժած տաքսի ավտոմեքենային պատճառված նյութական վնասը, առանց համապատասխան ապահովագրության՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության միջոցներով փոխհատուցելու նպատակով, խաբեության եղանակով այդ ապահովագրական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, վթարի մեղավոր կողմ հանդիսացող հիշյալ ՍՊԸ-ի ավտոմեքենայի փաստաթղթերի փոխարեն, Տ. Պողոսյանը ավտովթարի դեպքի առթիվ Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում որպես վթարի ենթարկված ավտոմեքենայի փաստաթղթեր ներկայացրել է իր ընկերությանը պատկանող մեկ այլ ավտոմեքենայի տեխզննության և հիշյալ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ապահովագրության կտրոնները, ինչպես նաև տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը:

Հիշյալ հանգամանքների առկայությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վայոց Ձորի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիման վրա, տաքսի ավտոմեքենայի սեփականատերը փոխհատուցում ստանալու նպատակով` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերություն է ներկայացրել հայտային դիմում, որում որպես վնաս պատճառած տրանսպորտային միջոց նշվել է ավտովթարի դեպքի հետ առնչություն չունեցող ապահովագրված ավտոմեքենան: Արդյունքում հիշյալ ապահովագրական ընկերությունը տաքսի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ծ.-ին հետագայում փոխհատուցել է 970 հազ. ՀՀ դրամ գումար` կրելով նույնքան գույքային վնաս:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանի կողմից խաբեության եղանակով խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս