
Մոլդովան պատրաստվում է Ռուսաստանից հետ վերցնել Քիշնևի օդանավակայանը

Մոլդովայի կառավարությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Քիշնևի միջազգային օդանավակայանը ռուսական Avia Invest ընկերությանը կոնցենսիոն կառավարման հանձնելու օրինականությունը ու ռուսների հետ պայմանագրի խզման հետևանքները: Այս մասին Քիշնևում հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վալերիու Ստրելեցը, տեղեկացնում է «Ուկրինֆորմը»:
«Կառավարության օպերատիվ նիստում Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի ներկայացրած հիմնավորումների հիման վրա որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ: Այն կուսումնասիրի օդանավակայանը կոնցենսիոն կառավարման հանձնելու օրինականությունը, վարձակալության մասին պայմանագրի իրականացումը, ինչպես նաև ռուսական ընկերության հետ պայմանագրի խզման հավանականությունը»,- հայտարարել է Ստրելեցը:
Մոլդովայի կառավարության ղեկավարի խոսքով՝ հակակոռուպցիոն կենտրոնի անցկացրած ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ «օդանավակայանից ստացված շահույթը չի օգտագործվում ըստ նշանակության, իսկ ստացված միջոցները ուղղվում են ոչ թե օդանավակայանի ենթակառուցվածքներում ներդրումներին, այլ Մոլդովայի ֆուտբոլային ակումբներից մեկի հովանավորությանը»:
Հիշեցնենք, որ 2013թ. Քիշնևի օդանավակայանը 49 տարով կոնցենսիոն կառավարման է հանձնվել ռուսական Avia Invest-ին:
Ավելի ուշ, Մոլդովայի քաղաքական այրերի մեծ մասը սկսեց պահանջել օդանավակայանը վերադարձնել պետությանը ու դարձնել պետության սեփականություն: