Էջմիածնում ուժեղացված հսկողություն է. ոստիկանությունից գող է փախել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ եւ հայտնել, որ արդեն քանի օր է՝ մի խումբ ոստիկաններ զինված հսկում են Էջմիածին քաղաքի ճանապարհները: Բնակիչները, որոնց անունները հարգելի պատճառով չենք հայտնում, պատմեցին, որ իրենց խիստ անհանգստացնում է, թե ինչու են ոստիկանները զինված հսկողություն իրականացնում. «Միգուցե ինչ-որ դեպք է տեղի ունեցել կամ պետք է տեղի ունենա, որ իրավապահները զինված են: Վախի մեջ ենք, ամեն օր մի վատ լուր ենք սպասում, թե հեսա մի բան կլինի: Ախր, ճիշտ հասկացեք՝ սա էլ դեռ քիչ չէ, զինված իրավապահները մարդկանց ճանապարհին տուգանում են՝ արագությունը գերազանցելու համար: Այդ ճանապարհին արագաչափ չկա, իրենք էլ այդ ամենից օգտվելով՝ տուգանում են:
Ախր, գյուղացին ինչ է աշխատում, որ մի հատ էլ տուգանք վճարի»: Բնակիչների պատմելով՝ մարզում լուրեր են շրջանառվում, որ «Արմավիրի» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախուստի դիմել, եւ այս օրերին իրավապահները փորձում են գտնել նրան. «Հիմա չգիտենք, թե որտեղից է փախուստի դիմել, գոնե մարդկանց տեղյակ պահեն, թե ինչ է կատարվում: Ճիշտ հասկացեք՝ Գյումրիում ապրող Ավետիսյան ընտանիքի անդամների սպանությունից հետո վախ կա սրտներումս. չգան, մտնեն մեր տները, օգնեք՝ հասկանանք, թե ինչու են զինված հսկում մարզը»:
Եվ այսպես, նախ փորձեցինք ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանից, պարզել, թե արդյո՞ք իր ղեկավարության տակ գտնվող ՔԿՀ-ից դատապարտյալ է փախուստի դիմել, սակայն վերջինս պատասխանեց, թե արձակուրդի մեջ է. «Բայց չեմ կարծում, որ դատապարտյալը ՔԿՀ-ից փախուստի դիմած լինի»: Մեզ հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանն էլ հայտնեց, թե Արմավիրի ՔԿՀ-ն աշխատում է իր բնականոն հունով, եւ նման խնդիր չկա:
Ավելի ուշ մեզ տեղեկություններ հասան, որ ոմն Դ. Հարությունյանը, որ գողության համար ձերբակալված է եղել, ոստիկանության Արմավիրի մարզի բաժնից փախուստի է դիմել, եւ իրավապահներն այս օրերին փնտրել են նրան:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։