
Նախնական տեղեկություններով՝ գազաբալոնի փականը վնասվել է և ճնշման տակ տեղահանվել. ՔԿ-ն՝ գազալցակայանի պայթյունի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզում գործող գազալցակայաններից մեկում օգոստոսի 23-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
2015թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 19։20-ին, ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ծանր ցնցում, մանր տրավմաներ» ախտորոշմամբ Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1966թ. ծնված Հ.Եսայանը:
Պարզվել է, որ Հ.Եսայանը նշված մարմնական վնասվածքներն ստացել է գազալցակայանում 2015թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնները լցավորելու ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ գազաբալոնի փականը վնասվել է և ճնշման տակ տեղահանվել։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը):
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։