Գերդասելի է, արդյո՞ք, որ համակարգը փոխվի և Սերժ Սարգսյանը մնա

«Մենք գնահատում չենք արել, թե ով ինչպես է եկել իշխանության»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն համարո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը 10 մարդու արյան գնով եկավ իշխանության:

Դիտարկմանը, որ Սահմանդրության նոր նախագիծը չի բացառում վերարտադրության հնարավորությունը, Ա.Ռուստամյանը հակադրաձեց, թե վերարտադրության գոյություն ունեցող հիմքերն այս Սահմանադրությունն էապես նվազեցնում է. «Վերարտադրություն կա այն համակարգերում, որ թույլ չի տալիս իշխանության փոփոխություն ընտրությունների միջոցով: ՀՀ-ում փոխվել են նախագահները, բայց իշխող ուժը միշտ մնացել է իշխանության գլխին և տեղի է ունեցել վերարտադրություն: Եվրոպական 18 երկիր խորհրդարանական են և բացարձակապես վերարտադրության խնդիր չունեն»:

Նա հարցադրում արեց՝ գերդասելի է, որ համակարգը փոխվի և Սերժ Սարգսյանը մնա՞ ինչ-որ տեղ, թե՞ համակարգը չփոխվի, իշխանությունը մնա նույնը, բայց Սերժ Սարգսյանը փոխվի և նրա հետնորդը գա իշխանության: Ա.Ռուստամյանի խոսքով՝ խնդիրը ուրիշ տեղ է, Սերժ Սարգսյանն այս համակարգում պահպանելու է իշխանությունը մինչև 2018 թ., ԱԺ նախագահն ու վարչապետը այս նոր համակարգով կընտրվեն, ՀՀ նոր նախագահը անցումաին դրույթներով կընտրվի:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքով՝ ՀՅԴ-ն երբեք չի դրել անձի խնդիր. «Այսօր ունենք իշխանության գերկենտրոնացում, քաղաքական մոնոպոլիա, այնպիսի համակարգ, որ ընտրությունների միջոցով չի փոխվում, ունենք քաղաքական որոշումների ստվերային կայացում, ունենք բացարձակ կախյալ դատական համակարգ: Վաղը այս համակարգը կարող է ցնցումների բերել երկիրը: Սա ենք փոխում»:

Տեսանյութեր

Լրահոս