
Խնդրում եմ, չավելացնել մեր ընտանիքի ցավը. Կարեն Ավագյանը՝ եղբոր մասնակցությամբ վթարի մասին

Դժբախտ դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ։ Ցավոք, մեր ընտանիքն էլ չի խուսափել նման պատահարից։ Ցավում եմ կատարվածի հետ կապված։ Հիվանդին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը:
Նա նաեւ նշել է. «Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ։ Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետեւում ընթացքին ու անաչառությանը:
Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր:
Խնդրում եմ՝ անհարկի շահարկումներով, իրականության հետ կապ չունեցող գունավորումներով չավելացնել մեր ընտանիքի ցավը: Առաջին հերթին տուժողի ընտանիքի:
Փառք ենք տալիս Աստծոն, որ հնարավոր եղավ խուսափել վատագույն սցենարից»:
Ըստ Shamshyan.com-ի՝ 28-ամյա երիտասարդին վթարի ենթարկած Toyota-ի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում եւ սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանին, իսկ վրաերթի հեղինակ Արթուր Ավագյանը Կարեն Ավագյանի եղբայրն է, որն աշխատում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր:
Ըստ կայքի տեղեկությունների վրաերթի ենթարկվածը իրեն պատկանող «Օպել Զեֆիրա» ավտոմեքենայի ծակված անվադողը փոխելիս է եղել, երբ «Տոյոտա»-ն հարվածել է նրան:
Ըստ այդմ, «Տոյոտան» շատ արագ է ընթանալիս եղել: Տեղում հավաքված մարդիկ արագ տուժածին հասցրել են հիվանդանոց եւ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը: «Տոյոտա»-ի վարորդն այնքան ուժեղ էր խփել, որ անգամ «Օպել»-ի անիվն էր հետը մոտ մի 40 մետր տարել: Դրանից հետո ավտոն թողել էր ու ինքը անհետացել էր»,-ասել էին ականատեսները: