
Սեուլը քարոզչությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև Հյուսիսային Կորեան ներողություն խնդրի

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է, որ հյուսիսկորեական իշխանությունների դեմ քարոզչական գաղափարախոսությունը կշարունակվի, եթե Փխենյանը ներողություն չխնդրի ապառազմականացված գոտում տեղադրված ականների համար:
Օգոստոսի սկզբին Հյուսիսային Կորեայում տեղադրված ականների վրա պայթելու հետևանքով երկու հարավկորեացի զինծառայող զրկվել էր ոտքից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հյուսիսային Կորեան պետք է ներողություն խնդրի ու միջոցառումներ ձեռնարկի սադրանքների ու լարվածության թեժացման կանխարգելման համար: Հակառակ դեպքում մեր կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ ու կշարունակի հեռարձակումները»,- խոստացել է Պակ Կին Հեն:
Հյուսիսային Կորեան պահանջում է Սեուլից դադարեցնել Հյուսիսային Կորեայի դեմ բարձրախոսով հեռարձակումները:
Փխենյանի սպառնալիքները՝ ոչնչացնել բարձրախոսները, ավարտվել էին փոխադարձ կրակոցներով: Ներկայում կողմերը բանակցություններ են վարում կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ:
Այսօր հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը հայտնել է, որ կառավարությունը քննարկում է երկրի տարածքում ամերիկյան ռազմավարական B-52 ռմբակոծիչների ու միջուկային զենքով ստորջրյա նավակների տեղակայման հնարավորությունը: