Որդուս վրա պայթուցիկ սարք է նետել նրա հորեղբայրը. պայթյունից մահացած երիտասարդի մոր բացահայտումները. news.am
Բաղրամյան պողոտայում հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը պայթյունի հետևանքով մահացած 21-ամյա Գոռ Թումոյանի մայրը համոզված է, որ որդուն սպանել են վերջինիս հորեղբայրն ու հորեղբոր որդին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում միակ որդուն կորցրած Նարինե Գրիգորյանը պատմել է, որ իր ամուսնու եղբայրն ու եղբորորդին դեպքի օրն իր որդու ուղղությամբ պայթուցիկ սարք են նետել:
«Դեպքից մի քանի օր առաջ՝ հունիսի 13-ին, որդուս գումար էր հարկավոր, որոշել էր նոր գործ սկսել: Դիմեց միջնեկ հորեղբորը, վերջինս մերժեց: Ես էլ զանգեցի մեծ տագրոջս կնոջը, խնդրեցի մեր տատիկից մնացած կտակի մի մասը տալ որդուս, մինչեւ երկուշաբթի ես բանկից փող հանեմ, վերադարձնեմ: Հրաժարվեց տալ: Դրանից հետո արդեն երկուշաբթի մեծ տագրս զանգում է ինձ, հեռախոսը վերցնում եմ, սկսում է ինձ հայհոյել»,- դեպքից առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմեց տիկին Նարինեն:
Նրա խոսքով՝ հենց այդ պահին ներս է մտել Գոռը, լսել, թե ինչպես է հորեղբայրը հայհոյում իրեն, վիճել է նրա հետ, ապա տնից հեռացել: Գոռին ծնողները մի քանի ժամ չեն տեսել, իմացել են միայն, որ նա ընկերուհու տանն է. «Գիշերը 1-ի կողմերը Գոռիս ընկերը զանգեց, թե տղայիս տարել են հիվանդանոց: Երբ հասանք, արդեն մահացել էր որդիս»:
Դեպքից հետո ականատեսներն արդեն Գոռի ծնողներին պատմել են, թե ինչպես է միջին տարիքի մի տղամարդ երիտասարդ տղայի հետ ինչ-որ բան նետում այդ ավտոտնակի ուղղությամբ և դիմում փախուստի: Տիկին Նարինեն համոզված է, որ այդ անձինք իր ամուսնու եղբայրն ու եղբորորդին են:
«Համոզված եմ, որ իրենք տունս քանդեցին, որդուս սպանեցին: Դրանից հետո էլ իրավապահ մարմիններին փող տվեցին ու գործը փակել տվին»,- ավելացրեց տիկին Նարինեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: