Մարոկկացին 3 մարդու է վիրավորել Ամստերդամ-Փարիզ գնացքում
Մի քանի մարդ տուժել է Ամստեդամից Փարիզ ուղևորվող արագընթաց Thalys գնացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է BBC-ն:
Զինված տղամարդը կրակ էր բացել գնացքում երեկ երեկոյան: Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Արաս քաղաքի մերձակայքում:
Հարձակվողին մի քանի րոպե անց կարողացել էին չեզոքացնել անձամբ ուղևորները: Գնացքը վթարային կանգառ էր կատարել, որտեղ էլ չարագործին հանձնել էին ոստիկանների ձեռքը:
Ավելի ուշ տարածվել էր տեղեկություն, որ հարձակվողին վնասազերծել է 2 ամերիկացի զինծառայող, որոնցից մեկը թեթև վնասվածք է ստացել :
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նրանց շնորհակալություն է հայտնել «քաջության ու արագ արձագանքի համար»: Օբամայի խոսքով՝ նրանց «հերոսական գործողությունները կանխել են ավելի լուրջ ողբերգություն»:
Ինչպես հաղորդվում է, կրակոցների հեղինակը 26-ամյա մարոկկացի է: Հայտնի չէ, թե ինչն է եղել նրա կողմից հրաձգություն սկսելու պատճառը: Հարձակվողի մոտ եղել է ինչպես «Կալաշնիկով» ինքնաձիգ, այնպես էլ սառը զենք:
Ծանր վնասվածք է ստացել մեկ ամերիկացի ու բրիտանացի: Նրանցից մեկը հոսպիտալացվել է հրազենային վնավածքով, մյուսը՝ դանակի հարվածի:
Դեպքի վայր է մեկնել նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը:
Ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ տուժածների թվում է նաև ֆրանսիացի դերասան Ժան-Յուգ Անգլադը, ով հայտնի է Լյուկ Բեսոնի «Նիկիտա» ու «Լեոն» ֆիլմերից: