Բազմազավակ ընտանիքը Ռուսաստանում աշխատող երկու որդիների հույսին է

Ղազարյանների բազմազավակ ընտանիքն ապրում է Ռուսաստանում աշխատող երկու տղաների ուղարկած գումարով:

Ընտանիքի հայրը` 53-ամյա Գրիգորի Ղազարյանը դառնացած ասում է, որ տղաները` 27-ամյա Արտյոմն ու 25-ամյա Արթուրը երկու ամիս առաջ մեկնել են Ռուսաստան:

«Մինչ այդ աշխատում էին Ստեփանակերտում, մասնավոր ձեռնարկություններում, որտեղ միշտ ուշացնում էին տղաների աշխատավարձը, իսկ վերջին ամիսներին էլ ընդհանրապես չեն տվել՝ մոտ 800 հազար դրամ: Դրա համար էլ թողել-գնացել են»,-ասում է հայրն ու հավելում, որ հիմա ժամանակին իրենց փողը ստանում են եւ ուղարկում մեզ:

«Սակայն հիմա էլ ուղարկած փողերով պարտքերն են փակում»,- ցավով նշում է Գրիգորին՝ փաստելով, որ դրանք կուտակվել են այն ժամանակ , երբ տղաներն աշխատում էին Ստեփանակերտում և նրանց աշխատավարձը չտրամադրելու պատճառով ստիպված խանութներից պարտքով ապրանք էին վերցնում:

Գրիգորին մասնագիտությամբ հաշվապահ է , կինը՝  Սվետլանա Բագաչովան նույնպես: Երկուսով սովորել են Սանկտ -Պետերբուրգում, եղել են նույն կուրսից: Այդպես ծանոթացել եւ ամուսնացել են:

8098

Ազգությամբ ռուս Սվետլանայի համար դժվար չէր հարմարվել հայկական սովորույթներին եւ ավանդույթներին։ Ինչպես ամուսինն է շեշտում՝ «որովհետեւ նա (կինը՝ հեղ.) շատ դաստիարակված ու համեստ անձնավորություն է։

Երեւի ազգությամբ ռուս մայր ունենալն է հենց դեր խաղացել երեխաների՝ ռուսաց լեզվի լավ տիրապետման մեջ։ «Երեխաների դասերը ես եմ սովորեցնում, ամուսինս այդ հարցում չի խառնվում ու արդեն սովորել եմ հայերեն գրելն ու կարդալը: Բոլոր երեխաներս էլ լավ տիրապետում են ռուսերենին, բայց Արթուրը մնացածների համեմատ ավելի շատ է սիրում»,-ասում է 10 երեխայի մայրը։

Սվետլանան խոստովանում է, որ դժվար չէ բազմազավակ մայր լինելը, քանի որ երեխաները միմյանց օգնում են։ Երեխաներից 5-ը հաճախում են դպրոց, իսկ փոքրիկ Աշոտը հաջորդ տարի կհաճախի դպրոց: Մեծ աղջիկը՝ 23-ամյա Արեւիկը վարձավճարի պատճառով ուսումը չի շարունակել Ագրարային համալսարանում: «Մի քանի անգամ դիմել ենք օգնության նպատակով , սակայն միշտ էլ մերժում ենք ստացել: Այժմ Արևիկը մայրիկին է օգնում եւ տան գործերում, եւ երեխաների դաստիարակման գործում»,-պատմում է երեխաների հայրը։

Բազմազավակ ընտանիքը ծանր կացության մեջ է հայտնվել. 2003թ. պետության կողմից կառուցված երեք սենյականոց տանը չեն կարողանում տեղավորվել։ Բացի այդ, տունը վերանորոգելու կարիք կա, սակայն բազմազավակ ընտանիքը դրա հնարավորությունն էլ չունի, քանի որ ապրում են երեխաների նպաստով ու տղաների ուղարկած գումարներով։

Ընտանիքի հայրն այժմ մտածում է միայն կենցաղային պայմանները բարելավելու եւ սեփական տնտեսություն ստեղծելու մասին՝ ակնկալելով պետության աջակցությունը։

Գրիգորին չի աշխատում, քանի որ, իր խոսքերով, չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել , իսկ այլ աշխատանքով զբաղվելու համար առողջություն չունի. «Սիրտս, թոքերս , գլուխս…: Մի քանի օր առաջ հերթական անգամ վատացել էի: Փառք Աստծո , որ բուժօգնությունս անվճար եմ ստանում»։

Տղաներից Արսենը մինչ զորակոչվելը բանակ օգնում էր հորը, աշխատում էր եղբայրների հետ, իսկ հիմա արդեն ՊԲ շարքերում է։ Զորացրվելուց հետո պարզ չէ՝ Արսենը կմնա՞ գյուղում, թե՞ կմիանա Ռուսաստանում աշխատող եղբայրներին։

karabakh-open.info
Էվելինա Համբարձումյան
ԱրՊՀ ուսանող

Տեսանյութեր

Լրահոս