
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 700 հազար մարդ զրկվել է տանիքից

Ավելի քան 10 մարդ մահացել է, 700 հազարը զրկվել է տանիքից Հնդկաստանի հյուսիս-արևելքում վերջին 15 տարում ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքով: Այս մասին ասված է Ասամ նահանգի տարերային աղետի դեմ պայքարի վարչության հրապարակած զեկույցում:
Ինչպես նշվում է զեկույցում, իրավիճակը շարունակում է վատթարանալ, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ավելի քան 1000 գյուղ է անցել ջրի տակ:
«Մեկ շաբաթում իրենց տները լքած քաղաքացիների թիվը գերազանցել է 700 հազարը: Ջրհեղեղի զոհ է դարձել նվազագույնը 10 մարդ, հարյուրավոր մարդիկ սպասում են տարհանման»,- ասվում է զեկույցում:
Հեռավոր Բոնգագիոն ու Կոկրաջահար գյուղերի բնակիչները սպասում են փրկարարների ժամանմանը արդեն մի քանի օր շարունակ: Բանակային ստորաբաժանումներն այդտեղից տարհանել են ավելի քան 1500 մարդու:
Ասամի իշխանությունները 177 ժամանակավոր ճամբարներ են տեղադրել փախստականներին տեղակայելու նպատակով: