
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայում հնագույն քրիստոնեական մենաստան են հողին հավասարեցրել

ԴԱԻՇ խմբավորման զինյալները Սիրիայի հյուսիսում՝ Հոմս նահանգի Էլ-Կարյատեյն քաղաքում, բուլդոզերով հողին են հավասարեցրել հնագույն քրիստոնեական Մար Էլիան մենաստանը:
Կաթոլիկական սրբավայրը ԴԱԻՇ-ը ոչնչացրել է՝ իր գործողությունները բացատրելով նրանով, որ մենաստանում երկրպագել են ոչ թե Աստծուն, այլ այլ աստվածների:
Մար Էլիանը կառուցվել էր 5-րդ դարում, վերականգնվել իտալացի հոգևորական Պաոլո Դալ Օլյոյի կողմից 10 տարի առաջ: Անձամբ Դալ Օլյոն առևանգվել էր 2013թ. հուլիսին: «Ալ-Քաիդայի» տեղեկություններով՝ հոգևորականը մահապատժի է ենթարկվել:
Էլ-Կարյատեյնը զինյալները գրավել էին օգոստոսին: Ջիհադիստները պատանդ են պահում տասնյակ խաղաղ բնակիչների, որոնց թվում բազմաթիվ քրիստոնյաներ կան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Էլ-Կարյատեյնում, ըստ տարբեր տվյալների, պատանդ է վերցվել ավելի քան 200 մարդ, նրանցից շատերը քրիստոնյաներ են: Պատանդների մի մասին՝ 110 մարդու, ԴԱԻՇ-ի զինյալները ուղարկել են Սիրիայի Ռաքքա քաղաք: Ջիհադիստները պնդում են, որ իրենք ձգտում են «մաքուր իսլամ» տարածել:
Քաղաքը գտնվում է ռազմավարական կարևորագույն խաչմերուկի վրա, որը հնագույն Պալմիրա քաղաքը միացնում է Լիբանանի հետ սահմանի երկայնքով ձգվող Կալամուն լեռների հետ:
Բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց ԴԱԻՇ-ն անվանում է «անհավատներ», ստիպված են լքել իրենց տները Սիրիայում ու հեռանալ հարևան Իրաք: