«Բազե-2015» երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել են Արմեն Աշոտյանին

«Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով հանդիպման ընթացքում պատասխանել է բազեականների բազմաթիվ հարցերի։ Նախարարը, ողջունելով երիտասարդներին, նշել է, որ իր ուսանողական տարիներին եղել է ակտիվ բազեական և ղեկավարել համահայկական հավաքի Կարմիր ճակատը: Նախարարի խոսքով` լինելով «Բազեում»՝ մտովի 13 տարի հետ է դառնում.

«2002թ. առաջին անգամ «Բազեն» ճախրեց երկնքում, և ես շատ ուրախ եմ, որ երիտասարդական այս հավաքը դարձել է ավանդույթ՝ վերածվելով շարժման»,-նշել է Արմեն Աշոտյանը: ԿԳ նախարարը, պատասխանելով երիտասարդների մեկի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հարցին, նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Հայաստանում ընդհանուր ներառական կրթական համակարգի կողմնակից է։ «Սա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք կրթական համակարգ, որտեղ յուրաքանչյուր երեխա, անհատ, պատանի, երիտասարդ իր կարողություններին համապատասխան կարողանա գիտելիք ստանալ: Ամեն երեխա Հայաստանում, անկախ իր ֆիզիկական և հոգեկան սահմանափակումներից, պետք է ունենա իր համար համարժեք կրթության իրականացման պայմաններ»-,նշել է նախարարը` ընդգծելով, որ այստեղ խնդիրը միայն ֆինանսական չէ. հարցը նաև հոգեբանական է։

Այդ համատեքստում Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ մինչև 2023թ. Հայաստանում բոլոր դպրոցները պետք է իրականացնեն ներառական կրթություն: Բազեականներից մեկը հետաքրքրվել է, թե որն է Արմեն Աշոտյանի աշխատանքի ամենահետաքրքիր հատվածը, որին ի պատասխան` նախարարը նշել է. «Արդեն 7 տարի է, ինչ պատիվ ունեմ լինել կրթության և գիտության նախարար: Սա մի պարտականություն է, երբ ամեն օր կարող ես «գնդակոծվել»:

Աշխատելիս ուժ է տալիս մարդկանց օգնելու հնարավորությունը: Բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, և կախարդական փայտիկի բացակայությունը հիասթափություն է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր քեզնից ակնկալիք ունեն։ Բայց ամեն օր աշխատանքի գնալիս հասկանում ես, որ գոնե մի հոգու հարց կարող ես լուծել։ Եվ այդ մի հոգու հարցի լուծումը լիցքավորում է։ Ես լիցքավորվում եմ այն մարդկանց ճակատագրերով, որոնց հետո տեսնում եմ շնորհակալ, երախտապարտ, մոռացած կամ ապերախտ։ Պետական ծառայողը պարտավոր է օրը գոնե մի քանի անգամ մարդկանց մատից փուշ հանել»,- նշել է ԿԳ նախարարը։ Հանդիպման ընթացքում հարց է հնչել նաև այն մասին, որ 12-ամյա կրթության պայմաններում դպրոցն ավարտողները բուհ ընդունվելու ժամանակ չեն ունենում, և ծառայությունն ավարտելուց հետո մարում է հետաքրքրությունը կրթության հանդեպ:

Նախարարն այդ կապակցությամբ նշել է, որ Պաշտպանության նախարարության հետ միասին որդեգրվել է քաղաքականություն, որպեսզի կրթության իրավունքը և զինծառայության պարտականությունը համատեղելի լինեն: «Մենք առանձին մրցույթով բուհեր ընդունվելու հնարավորություն ենք տալիս բանակից զորացրվածներին: Այսօր 200 հայ տղա կարողանում է պետության հաշվին ստանալ բարձրագույն կրթություն: Առանձին մրցույթով ընդունելություն է կազմակերպվում նաև մագիստրատուրայում: Տարեկան մենք հատկացնում էինք 100, իսկ այս տարի ունենք 199 տեղ»,- տեղեկացրել է նախարարը` ընդգծելով, որ պաշտպանական դիրքերում ծառայած տղաները օրենքով սահմանված կարգով 30 տոկոս զեղչի հնարավորություն են ստանում:

Անդրադառնալով 12-ամյա կրթությանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ այն այլընտրանք չունի Հայաստանում, քանի որ 10-ամյա կրթության վկայականով եվրոպական ոչ մի բուհի դռներ չեն բացվի հայ ուսանողների առջև: Արմեն Աշոտյանը երիտասարդներին խորհուրդ է տվել անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել, որի արդյունքը տեսանելի կլինի տարիներ հետո:

Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև այլ հարցերի, որոնք վերաբերել են կրթության մատչելիությանը, գիտելիքի արժևորմանը, Ջավախքի կրթական հիմնախնդիրներին, կրկնուսույցներին, կրթություն-աշխատաշուկա կապին, հեռակա ուսուցմանը և այլն։

Տեսանյութեր

Լրահոս