
ԱՄՆ-ը հավանության է արժանացրել «կանացի վիագրայի» արտադրությունը

ԱՄՆ սննդի ու դեղամիջոցների վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) թույլտվություն է տվել արտադրել ֆլիբանսերին դեղամիջոցը, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ:
Դեղամիջոցը, որը արդեն կոչում են «կանանց վիագրա», շուկայում կթողարկվի Addyi ապրանքանիշի անվան ներքո: Դեղամիջոցը կարտադրի ամերիկյան Sprout Pharmaceuticals ընկերությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆլիբանսերինի հիմնական գործառույթը կանանց մոտ լիբիդոյի վերականգնումն է:
Դեղամիջոցը վաճառվելու է բժշկական ցուցումով, կինը օրական պետք է օգտագործի ընդամենը 1 դեղահաբ:
Փորձերի ժամանակ կանանց մոտ նկատվել են կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են գլխապտույտն ու սրտխառնոցը:
Ի տարբերություն տղամարդկանց վիագրայի՝ ֆլիբանսերինը գործում է գլխուղեղի, այլ ոչ թե արյան շրջանառության վրա: