Ավանդական հարիսայով և թանգարանի վերաբացմամբ կնշվի Մուսալեռան հերոսամարտի 100- ամյակը
Կառուցումից շուրջ 40 տարի անց Մուսալեռան հերոսամարտի թանգարանում շինարարական եւ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. թանգարանի անձնակազմը պատրաստվում է սեպտեմբերի 20-ին մեծ շուքով տոնելու հերոսամարտի 100-ամյակը:
Այդ առիթով ամբողջությամբ փոխվելու է թանգարանի տեսքն ու ավելի քան 5000 ցուցանմուշները ներկայանալու են նորովի:
Մուսալեռան հերոսմարտի թանգարանի էքսկուրսավար Լուսինե Ոսկանյանը նշում է, որ հերոսամարտին նվիրված թանգարանի ցուցասրահը վերածվելու է խորհրդանշական նավի եւ հենց նավի տախտակամածում էլ ցուցադրվելու են մուսալեռցիների պատմությունները:
«Նավը Մուսալեռան հերոսամարտում շատ խորհրդանշական է, քանի որ մուսալեռցիները նավերով են փրկվել, եւ հենց այդ նպատակով որոշում է կայացվել հերոսամարտի ցուցասրահը ներսից վերածել նավի, որի վերեւի հատվածում ցուցադրվելու են կարճամետրաժ ֆիլմեր հերոսամարտի եւ մուսալեռցիների մասին»,- ասաց Ոսկանյանը:
Հիմնովին փոխվելու է նաեւ Մուսալեռան հերոսամարտի Ազգագրության ցուցասրահը: Կոսմետիկ փոփոխություններից մինչեւ դիզայներական նոր լուծումներն առավել պատկերավոր կներկայացնեն մուսալեռցիները զբաղմունքներ, նրանց գործունեությունն ու նախասիրությունները:
«Թանգարանում շուրջ 5000 ցուցանմուշ կա: Դրանք բոլորն էլ թանգարանին են հանձնել մուսալեռցիները: Այստեղ կան գործիքներ, հրացաններ, ձեռագրեր, նամակներ ու նկարեր»,- ասում է Լուսինե Ոսկանյանը: Ցուցասրահի ամենահին իրը կարի մեքենան է: Թանգարանի աշխատակիցներն այն անվանում են «գաղթական», քանի որ հերոսամարտից հետո էլ երկար ժամանակ այն ծառայել է տիրոջը, իսկ այնուհետեւ փոխանցվել թանգարանին: Թանգարանի մի անկյունում իր տեղն է ունենալու մուսալեռցիների տարազով մետաքսյա հարսանեկան զգեստը, մեկ այլ հատված էլ նվիրվելու է Ֆրանց Վերֆելին:
Երկու ցուցասրահները միմյանց կապելու է նորոգվող ճանապարհն ու այգին: Կառուցվելու է նաեւ ծաղկի տեսքով շատրվանը:
Մուսալեռան հերոսամարտին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ հուշարձանի մոտ տեղի կունենա ավանդական գառան հարիսայի պատրաստումը: Սեպտեմբերի 20-ին տեղի կունենան հիմնական միջոցառումները, այդ թվում թանգարանի բացման արարողությունը: